Մենք հայերովս ոչ թե օրենքն ենք սիրում, այլ չենք սիրում, երբ օրենքով պատժվում ենք: Ընդհանրապես մեր էթնոհոգեբանության մեջ գոյություն չունի օրինապաշտություն երևույթը որպես էդպիսին, ու կպահանջվեն տասնամյակներ ու դարեր, որպեսզի դարերով կերտված օրենք չհարգողի արքետիպը տրանսֆորմացվի օրինապաշտության:
Ի դեպ, էս արագաչափերի ու տեսախցիկների շուրջ բարձրացող ընդվզումն էլ կապված ա հենց այս երևույթի հետ: Որովհետև եթե խորանաս, հիմնական պրետենզիան կայանում ա նրանում, որ մարդիկ էլ չեն կարում անպատիժ մնալով ճանապարհային երթևեկության կանոններ խախտել կամ էլ ավելի ա բարդացել: 
Ու ընդհանրապես, եկեք ազնիվ լինենք ու խոստովանենք, որ արագաչափերից անցնելուց հետո էլի սահմանված արագությունը խախտելը, չթույլատրվող վայրում շրջադարձ անելը արդեն խոսում են, որ մեր մեջ ոչ թե օրինապաշտությունն է նստած, այլ տուգանք չմուծելու ցանկությունը:
Ընդ որում, եկեք խոստովանենք, որ տեսախցիկների ու արագաչափերի կիրառությունը բերել է նրան, որ ճանապարհային երթևեկությունը Երևանում էականորեն կարգավորվել է, և ըստ այդմ, ես այն կարծիքին եմ, որ դրանք պետք է միայն ավելի շատացնել, իսկ եթե ավելի անկեղծ, եթե ուզում ենք, որ հայ վարորդները համատարած դառնան կարգապահ ու հետևեն ճանապարհային երթևեկության կանոններին, կարելի է անգամ վերանայել օրենքը, որով պետք է վարորդներին ցուցանակներով զգուշացնեն, որ էսինչ տեղը տեսախցիկ կամ արագաչափ կա, որպեսզի վարորդները ամեն տեղ էլ զգոն լինեն ու փորձեն չխախտել երթևեկության կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել