Քաղաքական  մեկնաբան

Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը, ըստ որի՝ սահմանված արագությունը նույնիսկ 1կմ/ժ արագությամբ գերազանցումը կհանգեցնի համապատասխան տուգանքի, ևս մեկ առիթ է խոսելու ճանապարհային ոստիկանության գործելաոճի և առհասարակ երթևեկության անվտանգության ապահովման մասին:
Եթե այս և մի շարք նախաձեռնությունների իրական նպատակը ոչ թե վարորդներին տուգանելն է, այլ հնարավոր վտանգների կանխարգելումը, ապա ոստիկանությունը պարտավոր է այս ամենին զուգահեռ իրականացնել կամ որպես շահագրգիռ կողմ ապահովել նվազագույնը երեք` առաջին հայացքից շատ պարզ թվացող, գործողություններ:
Առաջին` վերջնականապես կարգավորել ծառերի կամ դրա ճյուղերի հետևում գտնվող ճանապարհային նշանների, այդ թվում՝ արագաչափերի առկայության մասին վկայող ցուցապաստառների հարցը:
Երկրորդ` ամեն տարի համապատասխան ծառայությունը Երևան քաղաքում և մարզերում փողոցների գծանշման գործառույթ է իրականացնում, սակայն կարճ ժամանակ անց այդ գծերը վերանում են, և մանավանդ գիշերային ժամերին, երբ քաղաքի լուսավորությունը անջատվում է, մեծ խնդիրներ են ստեղծում վարորդների համար:
Երրորդ` ճիշտ է՝ տարիների ընթացքում քաղաքի երթևեկությունը կարգավորող մի շարք լուսացույցներ փոխարինվել են նորերով, սակայն այդ հարցի վերջնական կարգավորումը մնում է բաց: Այսօր քաղաքի շատ հատվածներում գտնվող լուսացույցերի ոչ ճիշտ աշխատանքը (դրանց ակնթարթային փոփոխությունը, լամպերի մասնակի աշխատանքը և այլն) ոչ միայն վթարային իրավիճակ են ստեղծում, այլև անհարկի տուգանքներ վճարելու առիթ դառնում:

Ո՞վ է պատասխանատվություն կրում լուսացույցների, ճանապարհային նշանների՝ ոչ տեսանելի վայրերում տեղադրելու համար, ինչո՞ւ այս խնդիրը, որը տարիներ ի վեր բարձրացվում է, այդպես էլ լուծում չի ստանում: Ինչո՞ւ է հիմնական շեշտը դրվում ոչ թե համապատասխան տուգանքներ սահմանելու, արագաչափեր կամ տեսախցիկներ տեղադրելու, այլ ոչ թե վարորդների և հետիոտների համար անվտանգ պայմաններ ստեղծելու վրա (վթարային իրավիճակ ստեղծող փողոցների մասին դեռ չենք խոսում):
Վերջին տարիներին ոստիկանությունը քաղաքացի-ոստիկան հարաբերությունները բարելավելուն ու վստահություն ստեղծելուն ուղղված մի շարք քայլեր է իրականացրել, սակայն ճանապարհային անվտանգությանը վերաբերող հարցերում անելիքները շատ են: Կարծում եմ՝ ՃՈ-ն հստակ խնդիր ունի քաղաքացուն ապացուցելու, որ իր առաջնային նպատակը ոչ թե տուգանքներ նշանակելն է, այլ հնարավոր խախտումները կանխարգելելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել