Victoria՛s Secret ամերիկյան ապրանքանիշը ստեղծվել է 1977 թվականին Սան-Ֆրանցիսկո քաղաքում: Բրենդի պատմությունը սկիզբ է առել, երբ Ռոյ Ռայմոնդը որոշում է կնոջը գեղեցիկ ներքնազգեստ նվիրել: Սակայն կնոջն անակնկալ մատուցելու նրա փորձը տապալվում է, քանի որ վաճառողուհիները չգիտեին, թե ինչպես աշխատել տղամարդ-հաճախորդի հետ, ամաչում էին և ոչ մի կերպ չկարողացան օգնել ընտրել ներքնազգեստը:
Խանութում պատահածը Ռոյ Ռայմոնդին երկար ժամանակ հանգիստ չէր տալիս, և արդյունքում ծնվեց ներքնազգեստի սեփական խանութ բացելու միտքը: Սա Ստենֆորդի համալսարանի երիտասարդ, սակայն տաղանդավոր շրջանավարտի հեղափոխական միտքն էր: Իսկ հեղափոխական էր, որովհետև Victoria՛s Secret-ը ներկայացվում էր որպես նոր տեսակի խանութ, որտեղ եվրոպական ոճը համադրվում էր ընկերական միջավայրի հետ:
Առաջին խանութը բացվեց Ստենֆորդի Առևտրի տանը: Խանութի ինտերիերն անսովոր հաճելի էր, պատերը զարդարված էին փայտե նախշերով և Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանի իրերով: Կանացի ներքնազգեստը դրված էր ոչ միայն սովորական տաղավարների վրա, այլև ներկայացված էր մանեկենների վրա: Սա անհամեմատ դյուրացնում էր փնտրտուքները և ազատում էր կրծքալների և կիսավարտիքների շարքերը քրքրելու տհաճ գործընթացից: Անգամ տղամարդիկ իրենց հարմարավետ էին զգում և կողմնորոշվում էին ներկայացված մոդելների մեջ, իսկ հատուկ պատրաստված անձնակազմը կարող էր պատասխանել ցանկացած հարցի:
Եվս մեկ նորարություն էր փոստային կատալոգների միտքը: Նրանք, ովքեր ամոթխածության կամ այլ պատճառով չէին կարող այցելել խանութ, կարող էին պատվիրել սեքսուալ ներքնազգեստը «առանց տնից դուրս գալու»:
Ներքնազգեստի վաճառքում նման մոտեցումն իսկական հեղաշրջում էր ոչ միայն Ամերիկայում, այլև ողջ աշխարհում: Ռոյ Ռայմոնդի բիզնեսն առաջ էր գնում. հինգ տարվա ընթացքում Victoria՛s Secret-ը ներքնազգեստի հայտնի և պահանջված ապրանքանիշ դարձավ, բացվեց վեց խանութ և կատալոգային վաճառքի ցանց:
Սակայն 1982 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով Ռոյ Ռասմոնդը ստիպված եղավ 4 միլիոն դոլարով վաճառել Victoria՛s Secret ապրանքանիշը «The Limited Brands» կորպորացիայի սեփականատիրոջը` Լեսլի Վեկսներին: Այդ օրվանից Վիկտորիա Սիքրեթը դարձավ ներքնազգեստի` աշխարհի ամենահայտնի բրենդներից մեկը:
Լեսլի Վեկսները փոխեց ընկերության քաղաքականությունը: Իմանալով կանացի հոգեբանությունը և դրույքը դնելով հենց դրա վրա` Վեկսները չսխալվեց, և ապրանքանիշի հռչակը հասավ համաշխարհային մակարդակի: Եթե Ռայմոնդը խանութը բացելիս մտածում էր տղամարդկանց հարմարավետության մասին (հիշենք նրա պատմությունը), ապա նոր սեփականատերը նախ և առաջ մտածում էր կանանց մասին: Նորաձև և հաճելի իրեր ունենալու ցանկությունը պետք էր զարգացնել և ամրապնդել: Գովազդային նոր արշավը հիմնված էր կանանց գեղեցիկ և էքզկլյուզիվ ապրանք առաջարկելու վրա: Victoria՛s Secret ընկերությունը դադարեց «տղամարդկանց համար դրախտային անկյուն» լինելուց. սկսվեց շքեղ ներքնազգեստը գնահատող կանանց դարը:
Վեկսները մասսայական արտադրություն սկսեց. նրբաճաշակ ոճը, թանկագին գլամուրը և ցանկալի սեքսուալությունը հասանելի դարձան ցանկացած կնոջ:
Victoria՛s Secret ներքնազգեստը սկսվեց ներկայացվել որպես շքեղություն` հասանելի յուրաքանչյուր կնոջը: Սեքսուալության, ռոմանտիզմի և նրբաճաշակության զգացումն ավելի մոտ էր կանացի հոգեբանությանը, քան կրծքալների և կիսավարտիքների հարմար դասավորությունը:
Նոր սեփականատերը բավականին ընդարձակեց արտադրությունը` չբավարարվելով միայն կանացի ներքնազգեստով: Victoria՛s Secret ապրանքանիշի տակ սկսեցին կարել նաև զգեստներ, մետաքսե գիշերազգեստներ, փափուկ խաղալիքներ, օծանելիք և անգամ կոշկեղեն:
Վեկսների թիրախը համաշխարհային շուկան էր. Victoria՛s Secret-ի մասին պետք է իմանային բոլոր մայրցամաքներում: Նա հասավ իր նպատակին. 1990-ականների սկզբին Victoria՛s Secret-ի տարեկան շրջանառությունը կազմում էր մեկ միլիարդ դոլարից ավելի:
Միջին խավի հաճախորդների հետ հարաբերություններ հաստատելիս Victoria՛s Secret ընկերությունը հրաժարվում է անուշադրության դրսևորումներից: Անգամ ամենօրյա իրերը պետք է լինեն գրավիչ և թաքուն ֆանտազիաներ արթնացնող:
Ընկերության մարտավարությունը հիմնված է նաև մշտական հաճախորդների նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու վրա: Նրանց համար թողարկվում են հատուկ կրեդիտ քարտեր, որոնք ապահովում են շատ հարմար զեղչեր ինչպես խանութներից առևտուր անելու, այնպես էլ փոստային կատալոգներից պատվերներ կատարելու համար:
Յուրաքանչյուր սեզոնին Victoria՛s Secret-ը համալրվում է նորություններով: Այժմ Victoria՛s Secret-ը պարբերաբար կազմակերպում է տարբեր շոուներ սուպերմոդելների մասնակցությամբ: Հավաքածուների ցուցադրությունն իսկական տոն է թե կանանց, թե տղամարդկանց համար: Victoria՛s Secret-ի ամենահայտնի երկրպագուհիներից են Հայդի Կլումը (Heidi Klum) և Մարիսա Միլլերը (Marisa Miller), որոնք մշտապես գովազդում են ընկերության նորությունները: Հավաքածուների ցուցադրություններին մասնակցող մոդելներին անվանում են «հրեշտակներ»: Տարբեր ժամանակներում հարթակներին են բարձրացել այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Ադրիանա Լիման (Adriana Lima), Կարոլինա Կուրկովան (Karolina Kurkova), Ալեսսանդրա Ամբորսիոն (Alessandra Ambrosio), Միրանդա Կերրը (Miranda Kerr) և այլոք:
1995-ին Victoria՛s Secret ընկերությունը ներկայացրեց հավաքածուների առաջին ցուցադրությունը: Համաշխարհային մամուլն անդրադարձավ այս նորությանը որպես «Հարյուրամյակի կանացի ներքնազգեստի» ցուցադրության:
2000 թվականին ընկերությունը հնարավորություն ունեցավ ներկայանալ ֆրանսիական Կանն փառատոնին: Սուպերմոդելները ցուցադրում էին ներքնազգեստը, իսկ ստացված եկամուտը ծախսվեց ԶԻԱՀ-ի մասին ֆիլմի նկարահանումների վրա:
2001-ից Victoria՛s Secret-ը մշտապես հայտնվում է ABC հեռուստաընկերության եթերում: Ապրանքանիշի միլիոնավոր երկրպագուներ անհամբեր սպասում են յուրաքանչյուր հաղորդման:
2004-ին նորաձևության ամենամյա ցուցադրության փոխարեն սուպերմոդելներ Թիրա Բանկսը (Tyra Banks), Հայդի Կլումը (Heidi Klum), Ժիզել Բունդհենը (Gisele Bündchen), Ադրիանա Լիման (Adriana Lima) և Ալեսսանդրա Ամբորսիոն (Alessandra Ambrosio) ուղևորվեցին ամերիկյան շրջագայության դեպի ԱՄՆ-ի չորս գլխավոր քաղաքներ` Նյու Յորք, Մայամի, Լաս- Վեգաս և Լոս Անջելես:
2007-ին «Victoria՛s Secret Angels»-ը դարձավ առաջին ապրանքանիշը, որ արժանացավ հայտնի հոլլիվուդյան Փառքի արահետի աստղի: Հրեշտակների ցուցադրությունը գրավում է հարյուրավոր աստղերի: Մոդելները դուրս են գալիս հարթակ հրեշտակի, թիթեռնիկի, սիրամարգի և անգամ սատանայի թևերով, ինչը հանդիսանում է ընկերության առևտրային նշանը:
Վաճառքի բարձր վարկանիշը պահպանելու համար Victoria՛s Secret-ը 365 միլիոն օրինակով կատալոգներ է թողարկում: Դրանք թողարկվում են տարին 8 անգամ և ապահովում են ավելի քան 400 միլիոն եկամուտ: Կատալոգային վաճառքի եկամուտը կազմում է ընկերության ընդհանուր վաճառքի մեկ երրորդը:
Չմոռանալով տղամարդկանց մասին` Victoria՛s Secret ընկերությունն արտադրել է «Very sexual for it» հավաքածուն, որի մեջ ընդգրկված են օծանելիք և լոսյոն սափրվելուց հետո:

Victoria՛s Secret-ը ունի նաև շատ թանկ կրծկալներ «Very Sexy Fantasy Bra», որոնք զարդարված են թանկարժեք քարերով: Դրանց պատրաստման համար հրավիրվում են հայտնի ոսկերիչներ, իսկ նման ներքնազգեստի ցուցադրություններն արդեն ավանդույթ են դարձել: Առաջինը հարթակ է բարձրացել Կլաուդիա Շիֆֆերը (Claudia Schiffer): 2008-ին Ադրիանա Լիման ներկայացրեց 5 միլիոն դոլար արժողությամբ կրծկալը սև և սպիտակ ադամանդներից և սուտակից: Իսկ ամենաթանկ կրծկալը15 միլիոնանոց «Red Hot»-ն է:
Victoria՛s Secret-ը հիացնում և զարմացնում է, ստիպում է հրճվանքից քար կտրել և ընկղմվել երազանքների և երևակայության աշխարհ: Victoria՛s Secret-ը մտածում է յուրաքանչյուր կնոջ և տղամարդու մասին: Ամեն հերթական հավաքածուն Victoria՛s Secret-ի հրեշտակների և սատանաների սպասում է: Մենք սիրում ենք Victoria՛s Secret-ը:



