Գիտական աշխատություններ կարդալու ու նկարներ դիտելու արդյունքում մարդկանց մեծ մասի մոտ տպավորություն կա ստեղծված, որ դինոզավրերը ժամանակակից մողեսների ու կոկորդիլոսների «նախահայրերն» են եղել, որոնք ունեցել են նմանատիպ հաստ կաշի: Սակայն վերջին ժամանակներում գիտնականները նոր հայտնագործություններ են կատարում ու փոխում իրենց կարծիքը դինոզավրերի արտաքին տեսքի վերաբերյալ: Դինոզավրերը Երկրի վրա գոյություն են ունեցել միլիոնավոր տարիներ առաջ, հետևաբար նրանց վերաբերյալ հետազոտություններ անելն այնքան էլ հեշտ չէ, ինչքան թվում է:
Նախորդ դարի վերջից ի վեր գիտնականներն ու հնէաբաններն այնպիսի հետքեր են սկսել գտնել, որոնք վկայում են այն մասին, որ որոշ տեսակի դինոզավրեր իրականում ունեցել են փետուրներ: Նման բացահայտումներ գիտնականները կատարում են միայն վերջին ժամանակներում, քանի որ փետուրներն առհասարակ վատ են պահպանվում կենդանիների մնացորդների վրա: Նման հետքեր հայտնաբերելու համար անհրաժեշտ է գերզարգացած տեխնիկա օգտագործել: Առավել հետաքրքիր է այն, որ դինոզավրերի փետուրները գտնվել են ոչ թե փտած վիճակում, այլ հենց այնպիսին, ինչպիսին իրականում եղել են:
Մյանմայի Միչինա քաղաքի շուկաներից մեկում մի վաճառող անգամ տեղյակ չի եղել, թե ինչպիսի արժեքավոր իր կա իր հավաքածուում: Քարացած խեժի կտորի միջից հայտնաբերվել է դինոզավրերի ցելուրոզավրերի խմբի ներկայացուցչի պոչ: Ըստ գիտնականների վարկածի՝ դինոզավրի պոչն անզգուշաբար դիպել է խեժին, որն էլ կպած է մնացել դրան:
Ուսումնասիրելով գտածոն՝ գիտնականները եկել են եզրահանգման, որ դինոզավրի տարիքը հաստատապես պակաս չէ 99 միլիոն տարուց: Ցելուրոզավրերը կազմում են դինոզավրերի ամենամեծ խումբը, որոնց հետ են կապված նաև մեզ հայտնի տիրանոզավրերը: Փետուրը գտնելուց հետո գիտնականների մի ստվար զանգված սկսել է պնդել, որ այս խմբի դինոզավրերը փետուրային ծածկույթ են ունեցել մարմնի վրա, ինչը մինչ այսօր անհայտ էր բոլորին: