
Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը ռուսական «Спорт-экспресс» պարբերականին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականում խաղալու որոշման մասին:
- Բարդ ընտրություն էր: Ինձ համոզում էին չխաղալ Հայաստանի հավաքականում, հատկապես իմ մարզիչ Ռոնալդ դե Բուրը, ով «Այաքսում» սկսել էր ինձ վստահել հիմնական կազմում: Նա անընդհատ ասում էր` ես պետք է համբերեմ և կկարողանամ խաղալ Հոլանդիայի հավաքականում: Նա նույնիսկ հրավիրեց երիտասարդական հավաքական, որի կազմում մեկնեցի ԱՄՆ, բայց երբ վերադարձանք Ամստերդամ, որոշեցի հանդես գալ իմ նախնիների երկրի հավաքականի կազմում:
Սիրտս այդպես որոշեց: Անկեղծ ասած` ես վստահ չէի, որ ճիշտ եմ վարվում: Հոլանդիան աշխարհում լավագույն հավաքականներից մեկն ունի, և ես հրաժարվում եմ այդ հնարավորությունից: Բայց այժմ ես երջանիկ եմ, որ այդպիսի որոշում եմ կայացրել: Դա սովորական տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել:



