Tert.am-ը գրում է․

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական` e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը:

Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առաջիկա տարիների ուղենշային ուղղությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական 3 ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:

Նախագծով երեք ուղղություններին անդրադառնալուն զուգահեռ ներկայացվում է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի տեսլականը, անդրադարձ կատարվում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին և ապա ռազմավարական ուղղություններին:

Ռազմավարության՝ « Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի» գլխում նշվում է՝ ՀՀ կառավարությունը դրսևորում է անհրաժեշտ և բավարար քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում էական արդյունք արձանագրելու հարցում: Այդուհանդերձ, քաղաքական կամքին զուգընթաց կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգված իրականացումը:

«Այս առումով  հաջողության հասնելու գլխավոր գրավականներից մեկը կայացած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ  համակարգի առկայությունն է: Ինստիտուցիոնալ համակարգի ընդհանրական պատկեր ունենալու տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ անկախության երաշխիքների սահմանումը և ապահովումը, համապատասխան  կառուցակարգերի ներդրումը կամ զարգացումը, համագործակցության ամրապնդումը: Վերոնշյալի համատեքստում առաջարկվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հետևյալ՝ առանձնացված մոդելի տեսլականը՝ վերջինիս արդարացման դեպքում ունիվերսալ մոդելին անցում կատարելու հնարավոր հեռանկարներով»,-նշվում է նախագծում:

Հիշեցվում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով Հայաստանում նախատեսվում էր ստեղծել անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին, որը մինչ օրս չի ստեղծվել: Հանձնաժողովի չստեղծման հիմնական պատճառը կազմավորման կարգի կառուցակարգերի խրթին և թերի ձևակերպումն էր:

Ըստ այդմ էլ՝ Ռազմավարությամբ կարևորվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմավորման ուղղությամբ հրատապ քայլերի ձեռնարկումը: Ընդ որում՝ ֆունկցիոնալ արդյունավետության ապահովման տեսանկյունից առաջարկվում է զգալիորեն ընդլայնել Հանձնաժողովի գործառույթները՝ առկա 5-ի փոխարեն վերջինիս վերապահելով կոռուպցիայի կանխարգելմանը և հակակոռուպցիոն կրթության ապահովմանն ուղղված 13 գործառույթ:

Կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ կարևոր բաղադրատարրը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված, մասնագիտացված մարմնի առկայությունն է: Առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել