168.am-ը գրում է.

«Եթե գործում են կրկնակի, եռակի կամ բազմակի ստանդարտներ, և որևէ հանցանք կամ իրավախախտում իրավական գնահատական չի ստանում, ապա այդ ամենը շղթայական ռեակցիայով բերում է նոր իրավախախտումների։ Եթե այդ ամենին չկա հստակ գնահատական, ապա այն բերում է ինքնադատաստանների, ակտիվ գործողությունների և այլն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի ձերբակալությանը։

Նշենք, որ ժամեր առաջ կուսակցության գրասենյակից ոստիկանությունը  ձերբակալել էր Արթուր Դանիելյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ արդեն որոշ ժամանակ է, ինչ ականատես ենք լինում տարբեր իրավախախտումների, օրինակ, երբ Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ քարով պետք է «ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, կամ դաշնակցական Հրանտ Մարգարյանին թոռների ներկայությամբ ահաբեկելը, և այլն։

«Եթե այսպիսի գործողությունների են դիմում, ապա պետք է միշտ պատրաստ լինեն, որ լինելու են նաև հակադարձ գործողություններ։ Կարծում եմ, երբ երկրում նոր ստանդարտներ են սահմանվում՝ բռնության կոչեր, անպատասխանատու հայտարարություններ, ապա այդ ամենը վիրուսի նման տարածվում է, և զարմանալի չէ, որ կոչին հետևում է կոչ։ Ամենավատ բանն այն է, որ պետության իրավական դաշտում կան երկակի ստանդարտներ, տվյալ դեպքում Ջիվան Աբրահամյանին իր հայտարարությունից հետո տանում ու բաց են թողնում, տեսնենք՝ Արթուր Դանիելյանի դեպքում նո՞ւյնը կգործի»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

Նշենք, որ մեր զրույցի ավարտին Արթուր Դանիելյանին արդեն բաց էին թողել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել