Նայում եմ կից տեսանյութը և հավատս չի գալիս։ Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի հանձնարարություն ստանալիս մինչև վերջ հասկանալ տրված հանձնարարության կոնկրետ բովանդակությունը, ծանրութեթև անել դրա հիմնավորվածությունը, որպեսզի մի քայլ հետո քաղաքացիների աչքում ստիպված հարցականի տակ չդրվի պետության հենասյուներից մեկի՝ ոստիկանության համակարգի հավաքական պատիվը, նրա հազարավոր երախտավորների անցած ճանապարհն ու վաստակը, ինչի ուղղությամբ կաթիլ առ կաթիլ շատ դրական քայլեր արվում էին: Ուզում եմ հասկանալ, թե բացի էժան տեսարաններ ապահովելուց ու մեր պարզ քաղաքացիների, այս պարագայում՝ տաքսու վարորդների մարդկային արժանապատվությունը վիրավորելուց, ի՞նչ հարց են լուծում նման «գործողությունները»։ Կարծում եք, որևէ մեկը հավատու՞մ է, որ օդանավակայանում կանգնած տաքսու վարորդները սպառնում էին հասարակական կարգին և այնպիսի վտանգ էին ներկայացնում, որ նման կերպ իրենց հետ վարվեին։
Հասկացանք, որ տաքսու վարորդները մեր երկրում քայլ առ քայլ դառնում են հասարակության ամենաանպաշտպան շերտը՝ չունեն ինքնակազմակերպման ռեսուրսներ և սեփական շահերը ձևակերպելու ու առաջ մղելու փորձ ու ունակություններ։ Դեռ չունեն։ Բայց արդյո՞ք դա հիմք է օրվա շոգի հետ կռիվ տվող ու օրվա հաց աշխատող էս խեղճ մարդկանց կանգնած տեղը էժան տեսարանների «բացասական հերոսներ» դարձնել։ Դադարեցրե՛ք էս էժան տեսարանները, պարոնայք: Գո՛րծ արեք։ Տաքսու վարորդները այլ սպասումներ ունեն՝ գազի գին, արագաչափեր, կարմիր գծեր, տուգանքներ, հնարավոր սուբսիդավորում ու էլի շատ հարցեր։