Հարթ հայերենով խոսելը բավարար չէ, որպեսզի ձեզ ժողովուրդը հավատա: Մարդիկ հոգնել են ամեն ինչից, հոգնել են ամպագոռգոռ հռետորներից, հոգնել են անհեռանկար գաղափարներից, հոգնել են քոփի-փաստ արած ճառերից և վերջապես հոգնել են հարթ հայերենով խոսող, բայց ասելիք չունեցող գործիչներից: «Ինձ ի՞նչ է եղել որ, ի՞նչս է պակաս, ցանկության դեպքում կարող եմ հանգիստ զբաղվել քաղաքականությամբ և այդ բնագավառում ունենալ բազում հաջողություններ» սկզբունքը կործանարար է մեր ազգի համար: Չգիտես, թե ինչու այնպես է ստացվել, որ Հայաստանում քաղաքական գործիչ դառնալը համարվում է խաղ ու պար: Կան մարդիկ, որոնք նույնիսկ չհասկանալով, թե քաղաքական գործչի առաքելությունը ինչում է կայանում, համոզված են, որ իրենք օժտված են հենց այն կամայական հատկանիշներով, որ անհրաժեշտ են քաղաքականության մեջ օլիմպների հասնելու: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ մարդիկ այսօր գտնվում են շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, և նրանց հետաքրքրում է միայն այն հնչեցվածը, որը իր մեջ հստակ գործողություններ է պարունակում: Այլապես չի էլ կարող լինել. տեսեք այսօր մարդկանց մի ստվար զանգված, մեղմ ասած, ճկռում է բանկերի տոկոսների տակ, իսկ մի մասն էլ ծայրը ծայրին հազիվ է հասցնում, իսկ շատերն էլ ճամպրուկները հավաքած սպասում են հարմար առիթի երկրից հեռանալու համար, և այս պարագայում խոսել նրանց մոտ անհեռանկար, ուտոպիալ ծրագրերի մասին, առնվազն ծիծաղ կառաջացնի, իսկ որոշ դեպքերում՝ զզվանք:
Հարգելի քաղաքական գործիչներ, ձեզանից շատերը զարմանում են, թե ինչում է կայանում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆենոմենը, ինչն է ստիպում ժողովրդին անհամբեր սպասել նրա հաղորդումներին: Պատասխանը միանշանակ է. նա խոսում է իրական, շոշափելի, առարկայական դեպքերի մասին: Ես հասկանում եմ` հիմա այս տողերը կարդողներից շատերը կասեն` բայց ինչպե՞ս կարելի է Գագիկ Շամշյանի և քաղաքական գործիչների միջև զուգահեռներ անցկացնել՝ մոռանալով իհարկե, որ վերոհիշյալ լրագրողը իր գործունեության ընթացքում ավելին է անում, քան որոշ պարապ-սարապ քաղաքական գործիչները, նա ցույց է տալիս մեր հասարակության բացերը, նա ցույց է տալիս, թե ինչ ամենաթողություն է տիրում մեր երկրում, իսկ դա նույնպես քաղաքականություն է, որը ահագին մտորումների տեղիք է տալիս:
Հ.Գ. Ժամանակն է եկել, որպեսզի մեր գործիչներից շատերը հասկանան, որ ժողովրդի հետ պետք է խոսել պարզց այսպես ասած` «շամշյանական լեզվով»:



