168..am-ը գրում է.

Հունիսի 7-11-ն Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին։ «Անխախտ եղբայրություն-2019» անվանումով զորավարժությունները ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանի համար անհանգստացնող տարրեր են Թուրքիա-Ադրբեջան մակարդակով անցկացվող այդ զորավարժությունները, ավելին՝ միայն զորավարժության անվանումն արդեն բավական է՝ հասկանալու համար, թե Հայաստանի դեմ ինչ քարոզչական ճնշում է կիրառվում։

«Զորավարժություններն ուղեկցվում են զանազան բնույթի սադրանքներով, որոնց մենք առանձնապես չենք հետևում և աչալուրջ չենք լինում։ Խոսքը հատկապես այնպիսի անհանգստացնող տարրերի մասին է, ինչպիսին Հայաստանին մեղադրելն է՝ առայժմ միայն թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով, Քրդստանի բանվորական կուսակցության ձեռքով, իբրև Թուրքիայի Իգդիրի և Նախիջևանի հատվածում իրավիճակն ապակայունացնելու համար։

Այս հարթությունում, եթե մենք հետևում ենք իրադարձություններին, մեր Պաշտպանության նախարարությունը կարծես թե միայնակ է մնացել այդ քարոզչության դեմ։ Մեր սոցիալական և բարոյական պարտքը պետք է լինի՝ այս հարթությունում աջակցել մեր բանակին»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Նա նաև նկատեց՝ այս բոլոր գործողություններին պետք է հստակ արձագանքել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախիջևանում ընդհանուր շահեր ունեն նաև Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանող պետությունները՝ Իրանը և Ռուսաստանը։

«Առնվազն իրանցի փորձագետներն անհանգստացած են Նախիջևանում այս թուրք-ադրբեջանական գործողություններով, քանի որ իրանցիները համարում են, որ Նախիջևանն իրենց համար կենսական նշանակության գոտի է՝ իրենց պետության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։

Չեմ կարծում, որ այս զորավարժություններով պետք է խանդավառված լինի ռուսական կողմը, հետևաբար՝ այս հարթությունում մենք ունենք գործելու բավականին լայն դաշտ։

Գոնե դիվանագիտական մակարդակով խորհրդակցությունները ոչ միայն չեն խանգարի գործընթացին, այլև կարող են լուրջ օգուտներ և դիվիդենտներ բերել մեր պետությանը»,- շեշտեց Վ. Ոսկանյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով զորավարժություններին՝ գրել էր, որ անհանգստության կարիք չկա, քանի որ Հայաստանը հետևում է բոլոր զարգացումներին, ուստի ի՞նչ անհանգստանալու պատճառ կա, իրանագետը նշեց, որ ՊՆ խոսնակը հենց այդպես էլ պետք է արձագանքեր։

«Ակնհայտ է, որ կան ռիսկեր, վտանգավորն այն է, որ փորձ է արվում իրականացնելու ոչ միայն ռազմական բնույթի գործողություններ, այլև՝ զորավարժությանը հաղորդել լրացուցիչ քարոզչական լիցք։ Նախիջևանի դեպքում Հայաստանը պետք է ունենա հստակ քաղաքականություն, և Ադրբեջանի դեպքում ունենա երկու քաղաքականություն. Մեկը՝ բուն Ադրբեջանի, մյուսը՝ Նախիջևանի նկատմամբ։ Ալիևը Նախիջևանը վերածում է մեզ համար վտանգավոր գոտու»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել