168.am-ը գրում է.

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել բանակցային գործընթացից։ Նա հրաժարվեց մեկնաբանել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պատասխանը։

«Պարոն Փաշինյանն արդեն ասել է, ես լրացուցիչ բան չունեմ ասելու։ Պարոն Բակո Սահակյանն արդեն ասել է, ես լրացուցիչ բան չունեմ ասելու»,- ասաց նախարարը։

Դիտարկմանը, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին, Զ.Մնացականյանը հակադարձեց. «Դա ձեր մեկնաբանությունն է»։

«Պարոն Բակո Սահակյանը և պարոն վարչապետն իրենց կողմից նույնպես ասել են, որ մենք մշտապես աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ, դուք արդեն նկատել եք, վստահ եմ, որ յուրաքանչյուր բանակցություններից առաջ կամ հետո, կամ՝ առաջ և հետո, մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ։ Ես անձամբ շատ սերտ համագործակցության մեջ եմ և շատ սերտ աշխատում եմ իմ գործընկերոջ՝ Մասիս Մայիլյանի հետ, նաև աշխատում ենք նախագահ Բակո Սահակյանի հետ, նույնը վերաբերում է վարչապետին, մենք շատ հստակ ձևաչափն ունենք միասին սերտորեն աշխատելու, որ արտահայտում է նաև այն քաղաքական գիծը, որը նշված է մեր կառավարության կողմից, որը վերաբերում է Արցախի մասնակցությանը, որոշիչ ձայնին այս բանակցություններում։ Դուք գիտեք, որ Արցախի մասնակցության հարցը բարդ է, բայց սկզբունքային հարց է, կարևոր հարց է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, որը սուբյեկտ է, և առանց Արցախի որոշիչ ձայնի մենք արդյունավետ առաջընթաց չենք ունենալու»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ Արցախն ունի իր դիրքորոշումները և իրենք քննարկում են, թե որն է հնարավոր, որը՝ ոչ, այսինքն՝ արցախցի գործընկերների հետ աշխատանքը բանակցային ձևաչափ է։

Հողեր ծախելու մեղադրանքների վերաբերյալ Զ.Մնացականյանը հարցադրում արեց՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ ՀՀ իշխանություններն անեն որևէ գործողություն, որը չհամապատասխանի Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի շահերին, և ենթադրել, որ այդ ամենը կարելի է ամրագրել պայմանավորվածությամբ. «Չի կարող այդպիսի բան լինել»։

Նախարարը մերժեց, որ Արդբեջանը կարող է հող ծախելու նման հայտարարություններն օգտագործել իր շահերի համար.

«Ոչ, չեն կարող, որովհետև մենք ունենք մեր ներքին համակարգը, մենք ունենք շատ ավելի բաց հասարակություն, ժողովրդավար հասարակություն, շատ բաներ քննարկվում են, շատ բաներ քննադատվում են, շատ բաներ, որ դուք եք ասում, ես ձեր հետ համաձայն չեմ, շատ բաներ, որ ես եմ ասում, դուք ինձ հետ համաձայն չեք։ Բայց սա է մեր իրականությունը, սա է մեր հասարակության ձևը աշխատանքի, մեր կյանքը կառուցելու, այսպես է մեր իրականությունը, շատ ավելի բաց է, բայց այդ բաց լինելը չշփոթվի ինչ-որ բաների հետ, որ կարող է մեր դեմ օգտագործվել։ Հակառակը՝ սա միայն ու միայն ուժեղացնում է մեզ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել