Ի՞նչ գիտեք Ջեկի Չանի մասին՝ բացի նրանից, որ նա ինքնուրույն բազմաթիվ հնարքներ է կատարում ֆիլմերում։ Էկրանից դուրս դերասանի կյանքը նույնքան հետաքրքիր է, որքան դրանից ներս՝ նկարահանումներ, բիզնես, բարեգործություն. սակայն այս ամենը միշտ չէ, որ եղել է։

Դերասանի իրական անունը Չեն Գենշեն է, որը թարգմանաբար նշանակում է «Հոնգկոնգում ծնված»։

Ծնվելիս նա կշռել է մոտ 5,5 կգ, ինչի պատճառով մայրը ստիպված է եղել կեսարյան հատում անել։ Չենի ծնողները այնքան աղքատ էին, որ նրա ծննդյան ժամանակ բժշկին վճարելու համար ընկերներից են գումար վերցրել։

Ապագա աստղի հայրը ֆրանսիական հյուպատոսությունում խոհարար էր աշխատում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր։

Երբ Չենը փոքր էր, նրա ծնողները ստիպված եղան տեղափոխվել, քանի որ հորը հրավիրել էին աշխատելու Ավստրալիայում ամերիկյան դեսպանատանը։ Որդուն ուսման տվեցին պեկինյան օպերայի հոնգկոնգյան դպրոցում, որտեղ նա 10 տարի է անցկացրել։ Պատճառն այն չէր, որ ծնողները ցանկանում էին ազատվել որդուց. բանն այն էր, որ նա հրաշալի ֆիզիկական ունակություններ ուներ, որոնք հարկ էր զարգացնել։ Սովորական տարրական դպրոցում առաջին տարում Չենը դուրս մնաց, ինչի համար զղջում է մինչ օրս։

Մինչև ընունվելը նա արդեն գիտեր քունգ-ֆուի հիմքերը. ամեն առավոտ հայրն արթնացնում էր Չենին, որպեսզի մարզի նրան, ապա գնում էր աշխատանքի։

Պեկինյան դպրոցում Չենը մարտարվեստ, ակրոբատիկա, երգեցողություն ու դերասանություն սովորեց, սակայն դպրոցն ավարտելու ժամանակ նույնիսկ նա դժվարությամբ էր կարդում ու գրում։

Ֆիլմում առաջին դերը ստացել է 8 տարեկանում, իսկ դեռահասության տարիքում Բրյուս Լիի հետ խաղացել է որոշ ֆիլմերում ևս։ Մինչ օրս Ջեկին կարծում է, որ Բրյուս Լին իրեն հեշտությամբ կհաղթեր։

Երբ Ջեկին աշխատեց իր առաջին միլիոնը, նա չգիտեր՝ ինչ անել գումարի հետ։ Նա այնքան մոլորված էր, որ խանութ է գնացել պայուսակով, որի մեջ կես միլիոն հոնգկոնգյան դոլար կար, հարցրել է վաճառողին, թե որն է ամենաթանկարժեք ժամացույցը, և դրանից 7 հատ գնել է։ Հաջորդ շաբաթվա ընթացքում Ջեկին ամեն օր մի ժամացույց էր կրում և ցուցադրաբար բոլորին պարզում ձեռքը։

Նա երկու խաղալիք պանդա ունի՝ Լեյը և Զին, որոնց արդեն 9 տարի է՝ իր հետ տանում է ամենուր, ինչպես նաև լուսանկարում է նրանց աստղերի հետ ու նշում նրանց ծննդյան տարեդարձները։

Բրիտանական կայսրության շքանշանակիր է, սակայն ասպետ չի դարձել, քանի որ այդ շքանշանը տրվում է միայն բրիտանացիներին։

Լոս Անջելեսի ոստիկանության բաժնի պատվավոր անդամ է։

2016 թ. արժանացել է «Օսկարի»։

Չեկի Չանն արդեն 37 տարի է, ինչ ամուսնացած է Լին Ֆենցզյայոյի հետ, ով դերասանուհի է։ Երբ զույգը նոր էր ծանոթացել, Լինը Ջեկիից ավելի հայտնի էր։ Երկար ժամանակ նրանք իրենց հարաբերությունները գաղտնի էին պահում, քանի որ վախենում էին, որ երկրպագուները բացասականորեն կարձագանքեն։ Սակայն զույգը հաղթահարեց բոլոր դժվարությունները և պահպանեց իր զգացմունքները։

Ջեկի Չանը կարծում է, որ սերը նման է պաղպաղակի, քանի որ նա պաղպաղակ շատ է սիրում։ Սակայն նրա ամենասիրելի ուտելիքը կարմիր կամ կանաչ լոբով ապուրն է։

Ջեկին շներ ունի՝ ոսկեգույն ռետրիվերներ Ջեյ-Ջեյն ու Ջոնսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել