Apple կորպորացիան Instagram եւ Facebook սոցիալական ցանցերի էջերից ջնջել է բոլոր այն հրապարակումներն ու տեղեկատվությունը, որոնք նվիրված են iTunes ծրագրին: Ինչպես պնդում է The Verge պորտալը, ընկերության այս քայլը կարող է դառնալ այն բանի հաստատումը, որ նա լիովին հրաժարվում է այս հավելվածից, որը գոյություն է ունեցել ավելի քան 18 տարի:

iTunes-ը, որն առաջին անգամ հայտնվել է 2001 թվականին, երկար տարիներ եղել է Apple-ի շարժական արտադրանքի օգտատերերի անհրաժեշտ գործիքը: Այսպես՝ նրա օգնությամբ դեռ մինչեւ 2007 թվականին iPhone սմարթֆոնների հայտնվելը iPod MP3 փլեյերների տերերն իրենց սարքերը սինքրոնացնում էին համակարգչի հետ եւ դրանք բեռնում երաժշտությամբ: Առանց iTunes-ի սկզբնական շրջանում հնարավոր չէր նաեւ iPhone-ի օգտագործումը:

Երկար ժամանակ նոր սմարթֆոնների ակտիվացման եւ կարգաբերման համար անհրաժեշտ էր լինում դրանք միացնել համակարգչին, ինչը հնարավոր էր միայն iTunes-ի միջոցով: Բացի շարժական սարքերով աշխատելուց՝ ծրագիրը օգտատիրոջը թույլ էր տալիս գնումներ կատարել iTunes Store հավելվածների առցանց-խանութում: Նաեւ այն կարող էր օգտագործվել երաժշտություն լսելու, տեսահոլովակներ եւ ֆիլմեր դիտելու համար, որոնք կարելի էր գնել կամ վարձույթով վերցնել iTunes Store-ից:

Դրա անհրաժեշտությունը գործնականում վերացավ այն բանի համեմատ, երբ Apple-ի արտադրության սմարթֆոնները եւ շարժական տեխնիկան սկսեցին ավելի ու ավելի ինքնավար դառնալ: Այսպես՝ ժամանակի ընթացքում նրանց մոտ հայտնվեց AppStore հավելվածների սեփական խանութը, իսկ երաժշտության ունկնդրումը հնարավոր դարձավ բաժանորդագրությամբ՝ Apple Music ներսարված հավելվածի միջոցով:

2019 թվականի ապրիլին ընկերությունը հայտարարեց սեփական սթրիմինգային տեսածառայություն ստեղծման մասին, որն աշխատում է Apple TV թարմացված հավելվածի միջոցով:

Այսպիսով՝ իր ֆունկցիոնալով հնացած iTunes-ից ենթադրյալ հրաժարումը մասնագետները համարում են տրամաբանական ու արդարացված:

Տեխնոլոգիաների բնագավառում Bloomberg գործակալության փորձագետ Մարկ Գուրմանի խոսքով՝ կորպորացիան ծրագրից հրաժարվելու մասին կհայտարարի մշակողների (Worldwide Developers Conference, WWDC) համար իր տարեկան Համաշխարհային խորհրդաժողովում, որը կանցկացվի հունիսի 3-7-ին Սան-Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել