Operativ.am-ը գրում է.

Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակը, որում երկու հայուհի կա:

80 կանանց ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է American Builders & Contractors Supply Co ընկերության հիմնադիրներից մեկը՝ Դայան Հենդրիքսը, որն անցած տարի իր կարողությանը 2,1 մլրդ դոլար էր ավելացրել:

Հայուհի Քերոլայն Ռաֆայելյանը զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 520 մլն դոլար: Նա Alex and Ani ոսկերչական բրենդի հիմնադիրն է:

Քերոլայնը հայ ներգաղթյալների թոռնուհի է: Նրա հայրը Ռոդ Այլենդում ամերիկյան դրոշով գնդասեղներ էր պատրաստում: Այժմ Քերոլայնն այնտեղ ոսկերչական իրեր է պատրաստում:

Ռաֆայելյանն ավելի քան 30 օբյեկտ ունի, որոնց մեծ մասը գտնվում է Ռոդ Այլենում, այդ թվում՝ ամրոց եւ խաղողի այգի:

Սոցցանցերի թագուհի, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է 57-րդ տեղը 370 մլն դոլար կարողությամբ: Նրա եկամտի մեծ մասն ապահովում են կոսմետիկական KKW Beauty ընկերությունը, որի վաճառքի ծավալներն անցած տարի կազմել են ավելի քան 100 մլն դոլար:

Ընդ որում, Քիմի քույրը՝ Քայլի Ջենները, զբաղեցրել է 23-րդ տեղը 1 մլրդ դոլար կարողությամբ: Նա 21 տարեկան է եւ համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը:

Ջենները սկսել է զբաղվել շրթներկի բիզնեսով: Kylie Cosmetics բրենդի վաճառքը 2018 թ. կազմել է մոտ 360 մլն դոլար:

Անցած տարվա նոյեմբերին նա գործարք է կնքել Ulta-ի հետ եւ վաճառել կոսմետիկա մոտ 55 մլն դոլարի չափով ընդամենը 6 շաբաթում: Իսկ մայիսին նա հայտնել է Kylie Skin-ի թողարկման մասին:

Վարկանիշային աղյուսակի մասնակիցների տարիքը 21-92 է, եւ նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 81,3 մլրդ դոլար: Գրեթե կեսը՝ 38 կանայք, ապրում են Կալիֆորնիայում, 19-ը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, Բիրմայից մինչեւ Բարբադոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել