Լսեցի «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների սուր հարցադրումները ԿԲ նախագահին։ Դե, այս թեման այնքան է հարազատ, որ չեմ կարող չարտահայտվել։

ա) ԱԺ-ում քաղաքական գործընթաց է, ու բնական է, որ նման քաղաքական հարց պետք է հնչեր։ Ավելին՝ կզարմանայի, եթե չհնչեր։ Նայեք զարգացած երկրների պառլամենտները. պատգամավորները «գզում են» իրենց ընդդիմախոսներին։ Հատկապես սիրում եմ Ցուկերբերգին տրված հարցերը։

բ) Ինչպե՞ս պետք է պատասխաներ ԿԲ նախագահը քաղաքական դաշտ բերած հարցին։ Պրոֆեսիոնա՞լ, թե՞ քաղաքական լեզվով։ Չգիտեմ, կախված է քաղաքական կուլտուրայից։ Ամեն դեպքում Ջավադյանը քաղաքականապես կաշկանդված պատասխանեց՝ հարցը բերելով դեպի ԿԲ ինստիտուցիոնալ պրոֆեսիոնալ դաշտ։ Խուսափեց սուր հակադրաձումից։

գ) Ժամանակին գրել եմ, որ ԿԲ անկախությունը հնարավոր է եղել նաև պահպանել այն պատճառով, որ Բագրատ Ասատրյանը քաղաքական մարդ էր, ու հենց իր կուսակիցներից էլ պաշտպանում էր ԿԲ-ը, ու դա Հայաստանի տնտեսական պատմության համար շատ կարևոր իրադարձություն եմ համարում։

դ) Երազում եմ ունենալ այն աստիճանի զարգացած քաղաքական կուլտուրա, որ ԿԲ նախագահը սուր քաղաքական լեզվով հակադարձեր՝ չլինելով օրվա իշխանության մաս, ու չվախենալով, որ դա իր անձի վրա կանդրադառնա։

ե) Իրականում ԿԲ նախագահին գովեցին «Լուսավորի» պատգամավորները, քանի որ կայացած պրոֆեսիոնալ ու անկախ ինստիտուտը պահպանելը չեք պատկերացնի, թե ինչքան մեծ ձեռքբերում է։ Օրինակ՝ Թուրքիայի ԿԲ-ն տասնամյակներով համարվում էր ամենաանկախներից մեկը, սակայն Էրդողանի թեթև ճնշումներով նրանք դա կորցրեցին ու Թուրքիայի ֆինանսական համակարգը անցյալ տարի շատ մեծ հարված ստացավ։

Ուրախ եմ, որ «Լուսավորի» պատգամավորները սուր հարցեր են տալիս, ճնշում են ԿԲ-ին, թեպետ չգիտեմ, թե դա որքանով է այն դարձնում ԿԲ-ն հաշվետվողական։ ԿԲ անկախությանը մարտահրավեր նետելուց զգույշ եղեք, իսկ թե ինչպես է դա եղել, վաղուց գրված ակնարկս հղում եմ։

Կից նյութը կարող եք դիտել այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել