Հայտնի մոդել Անիտա Հարությունյանը հունիսի 2-ին ընկերների, մտերիմների հետ միասին նշել է ծննդյան օրը: Ամեն տարի ծննդյան օրը նշում է տարբեր թեմատիկաներով, այս տարի կազմակերպչական հարցերին չի խառնվել. ամենը հոգացել է PR մենեջերը, ով խնջույքը կազմակերպել էր բարձր մակարդակով: BlogNews.am-ը ներկա էր խնջույքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:  

«Անմիջապես 00:00-ին օրս սկսվեց ընկերներիս և հարազատներիս շնորհավորանքներով, ներկայությամբ: Հուզված, շփոթված և երջանիկ էի, քանի որ իմ կողքին էին բոլոր այն մարդիկ, ում ես շատ սիրում եմ և առանց նրանց պարզապես չեմ պատկերացնում իմ կյանքը: Այս տարի այլ ոգևորվածությամբ և այլ զգացողություններով եմ դիմավորել և ճանապարհել ծննդյանս օրը»:

Անիտան խոստովանում է, որ նվերների հարցում ընկերներն ու հարազատները երբեք չեն սխալվում, քանի որ լավ ծանոթ են մոդելի ճաշակին և, ինչու չէ, նաև պահանջկոտ բնավորությանը. «Չեմ կարող որևէ նվեր առանձնացնել, քանի որ բոլորն ինձ համար և՛ ցանկալի են, և՛ արժեքավոր: Մեծ անակնկալ էր, Victoria՛s Secret-ի ռուսաստանյան ներկայացուցիչների անակնկալը, նրանք ինձ «օժիտ» էին ուղարկել: Այնքան մեծ տեսականի էր, որ ընկերներս կատակելով նշում էին, որ օժիտս արդեն պատրաստ է»: 

Մոդելն անձնական կյանքը չի հանրայնացնում, սիրելիի մասին էլ շատ չի ցանկանում խոսել. «Սիրելիս անառիթ նվերներ և հաճելի իրավիճակներ ստեղծելու մեծ վարպետ է: Այո՛, նա գիտի, որ ես թանկարժեք քարերի և զարդերի հանդեպ յուրահատուկ սեր ունեմ, սակայն թույլ տվեք նրա նվերը չհանրայնացնել»:

Այն հարցին՝ տարիքից վախենո՞ւմ է, թե՞ դա պարզապես թիվ է, Անիտան նշում է. «Տարիքից ընդհանրապես չեմ վախենում: Այն ինձ ավելի է գեղեցկացնում, հասունացնում և էլ ավելի մեծ դռներ է բացում իմ առջև: Պետք է այս կյանքում ամեն ինչին սթափ նայել և հաճույք ստանալ»:

Ծննդյան օրերին մարդիկ սովորաբար ամփոփում և վերլուծում են իրենց կյանքի մեկ տարին: Անիտան էլ բացառություն չէ, սիրում է վերլուծել՝ միևնույն ժամանակ չմոռանալով առաջ շարժվել. «Այս մեկ տարվա ընթացքում հասկացա, որ պետք է շարունակել բարի ու ներողամիտ լինել՝ անկախ նրանից, որ շատերը չարաշահում են դա: Պետք է հեռու մնալ կեղծիքից ու նեգատիվից, որպեսզի դու նույնպես չկեղտոտվես․ այս մեկ տարին դա ինձ սովորեցրեց: Աշխատանքային առումով այս տարին բեղմնավոր էր. մշտապես նկարահանումներ, ցուցադրություններ և նոր պայմանագրեր»:

Մոդելի համար կյանքի կարևոր ձեռքբերումն ընտանիքն է, իր ծնողները. «Ես հպարտ եմ, որ ծնվել եմ հենց իմ ընտանիքում, հպարտ եմ, որ ծնողներս կարողացել են ինձ լավ մարդ դաստիարակել: Ինձ համար այս կյանքում ամենակարևորը ներքին արժեքներն են, որոնք մարդ պետք է մշտապես պահպանի և երբեք չդադարի մարդ լինելուց»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել