«Իրավունք» թերթը վերջերս անդրադարձել էր ՄԻՊ-ի գրասենյակի կողմից «Աբովյանի մտավոր հետամնացություն ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրություններին, ըստ որի, դպրոցը, թեպետ նախատեսված է մտավոր հետամնաց երեխաների համար, սակայն աշակերտների 30 տոկոսը ի վիճակի է սովորել հանրակրթական դպրոցներում: Իսկ նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները նույնիսկ տառաճանաչ չեն: Վերոնշյալ հայտարարության եւ դպրոցում տիրող իրավիճակի պարզաբանման համար «Իրավունքը» դիմել էր Կոտայքի մարզպետարան: Նշենք, որ մեր կողմից ներկայացված հարցադրումներին առավել համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով մարզպետարանի կողմից կազմակերպվել է լրացուցիչ այցելություն հիշյալ հաստատություն: Ինչպես նշում է ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար ՄԱՐԶՊԵՏ ԳԱՐԵԳԻՆՅԱՆԸ.

Մարզպետարանի կողմից պարբերաբար ուսումնասիրվել են դպրոցի աշակերտների` հանրակրթական դպրոցներում ուսումը կազմակերպելու հնարավորությունները եւ կատարվել մշտադիտարկումներ. ըստ որի, պարզվել է, որ անցյալ ուսումնական տարում եւս եղել են աշակերտներ, ովքեր ենթակա են եղել հանրակրթական ծրագրերով սովորելու եւ տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ: 12.06.2013թ. դրությամբ, դպրոցում աշակերտների ընդհանուր թիվը 48 է, իսկ հանրակրթական դպրոցներում սովորելու ենթակա երեխաների թիվը 6-ն է, որոնցից մեկի ծնողի հետ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն երեխայի տեղափոխության հարցում, եւս մեկ երեխայի միայնակ մայրը հիվանդ է տուբերկուլյոզով եւ գտնվում է հարկադիր բուժման մեջ: Այդ ամենով հանդերձ պետք է հավելենք նաեւ, որ այդ երեխաները եւս ունեն հոգեբանական զարգացման խնդիրներ եւ ուսումնական ունակությունների յուրահատուկ խանգարումներ, քանզի նրանք բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից տրված եզրակացության հիման վրա վկայագրվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք: Մնացած 4 երեխաների ծնողներին ուղղարկվել է գրավոր առաջարկություն, որպեսզի նրանք հետամուտ լինեն իրենց երեխաների` հանրակրթական դպրոցներ տեղափոխվելու գործընթացին:

-Ի՞նչ լուծումներ եք նախատեսում, որպեսզի այսպիսի խնդիրներ այլեւս չառաջանան:

- Նման իրավիճակում որպես լուծում կարող են հանդիսանալ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումներն ու փոփոխությունները, համաձայն որոնց բոլոր դպրոցներին տրվելու է ներառական կրթություն իրականացնելու հնարավորություն:

-Ի դեպ, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Իրավունք»-ի հետ զրույցում  նշել էր,  որ դպրոցում սանհիգիենիկ վիճակն էլ բարվոք չէ:

- Դպրոցի սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ պետք է նշենք, որ սանհանգույցները եւ ճաշարանը վերանորոգված են, իսկ ընդհանուր առմամբ շենքը վերանորոգման կարիք ունի: Այս պահի դրությամբ մարզի դպրոցների ավելի քան 50%-ն ամբողջովին հիմնանորոգված են, իսկ մնացած դպրոցներում համապատասխան աշխատանքներ են իրականացվելու առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Հավելենք, որ հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզին հատկացվող գումարներից 2014 թվականին միջոցներ են տրամադրվելու «Աբովյանի մտավոր հետամնացություն ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման համար:

- Ի վերջո, Մարդու իրավունքների պաշտպանը իրակա՞ն պատկերն է ներկայացրել, թե՞ վերոնշյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

- Ամենեւին չցանկանալով անդրադառնալ որեւէ այլ կառույցի կողմից հնչեցված հայտարարությունների իրական կամ ոչ իրական լինելուն` պարզապես ընդգծում ենք, որ մեր կողմից ներկայացված փաստերն ու դիտարկումները պաշտոնական են եւ ձեւավորվել են հիշյալ ուսումնական հաստատության հետ տարվող պարբերական ու հետեւողական աշխատանքի արդյունքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել