Կա կնոջ մի տեսակ, որ տեղի - անտեղի խանդում է իր ամուսնուն կամ ընկերոջը` փորձելով դավաճանության համար հիմք հանդիսացող որևէ ապացույց գտնել: Նույնիսկ եթե ոչինչ չի գտնում, միևնույնն է, չի ցանկանում հետամուտ լինել այն մտքին, որ իր ամուսինը պարզապես “հրեշտակ է” ու բարեբախտաբար` միասեր:

Սիրելի կանայք և աղջիկներ, ահա մի քանի փորձված մեթոդ, որ դուք ավելի շուտ հայտնաբերեք դավաճանությունն ու վերջնականապես վայելել կյանքը…

Շատ տարածված ու ճշգրիտ է “Ավչարկայի մեթոդը”, երբ կինն աննկատ հոտոտում է սիրելիին:   Անհավատարիմ ամուսնու ձեռքերից ու պարանոցից անկասկած օծանելիքի կամ  կրեմի հոտ կգա:  Տղամարդկանց “օյինբազությունների” հետքերը մնում են նաև նրանց վերնաշապիկների վրա, մանավանդ, եթե նա բարձրահասակ է: Չէ՞ որ սիրուհուն դուր է գալիս դեմքը քսմսել սիրելի տղամարդու կրծքավանդակին: Դավաճանության հետքեր պետք է փնտրել նույնիսկ նրա բեղերի մեջ. համոզված եղեք, որ այնտեղ կլինեն փշուրներ ոչ միայն առավոտյան նախաճաշի, այլև` սիրուհու շրթներկի:

Մեր օրերում շատ ակտուալ է դարձել “Ոստիկանական մեթոդը”, քանի որ յուրաքանչյուր կին իրեն ոստիկան է զգում` անընդհատ զննում է տղամարդու հագուստի գրպանները, դարակները և այլ իրեր: Ինչ խոսք, կանայք շատ խորամանկ են, և կարող են անպատեհ պահին, լվանալու պատրվակով վերնաշապիկը կամ տաբատը հանել տալ` փորձելով հանկարծակիի բերել տղամարդուն: Տղամարդկանց ասեմ, որ մի տրտնջացեք` կարծելով, թե միայն ձեր կողքի կինն է այդպիսին… Ոչ, կնոջ տեսակն է այդպիսին. ուղղակի որոշ կանայք դա անում են աննկատ, որ ցույց տան, թե վստահում են ձեզ, իսկ մյուսների մոտ աննկատ գործել պարզապես չի ստացվում:  

“Ուսումնասիրության մեթոդը” : Այս ձևն ավելի շատ օգտագործում են “անտեսանելի հետախույզ” անուն ձեռք բերած կանայք: Եվ ի՟նչ են նրանք անում. Դե իհարկե` ենթադրություններ: 

Օրինակ, “անտեսանելի հետախույզ” կինը միշտ հետևում է` արդյո՟ք տղամարդն ուշադրություն դարձնում է իր վերնաշապիկի օձիքին: Եթե այո, ուրեմն` նա ժամադրության է գնում կնոջ հետ:

Նույնիսկ մտածում են, եթե տղամարդը մաքուր վարտիք է հագնում, ուրեմն գնում է սիրուհու հետ հանդիպման: Այս տեսակ կանանց մոտ տարօրինակ կարող է թվալ այն, որ տղամարդը հանկարծ որոշի լվանալ գլուխը, և ընդհանրապես,  “անտեսանելի հետախույզ”  կանանց երևակայությունն անսահման է, քանզի նրանք հիմնվում են միմիայն ենթադրությունների վրա:

Վերջում իհարկե ամենահետաքրքիրն ու նախընտրելին `սեռական հարաբերություն ունենալու մեթոդն է, երբ կինն ստիպում է տղամարդուն կատարել իր պարտականությունները: Բնականաբար, յուրաքանչյուր կին միանգամից կհասկանա, տղամարդը “կու՞շտ ” է սեքսից, թե՞ ոչ: Իսկ ավելի  խելացի կանայք նույնիսկ զգում են` այդ պահին տղամարդը զբաղվում է սիրով  դավաճանությունը թաքցնելու միտումով, թե` ըստ ցանկության…

Սիրելի կանայք և աղջիկներ, եթե դուք դարձել եք “հետախույզ” և օգտվում եք այս մեթոդներից, նշանակում է, ձեզ հյուր է եկել ՄԵԾՆ Խանդը, այսինքն` ձեր սիրելիին “օր ու արև” չի տեսնում… Հավատացեք, որ բոլոր կանայք էլ խանդում են, բայց չափի մեջ… Իսկ ով է որոշում չափը.  դե իհարկե` դուք:  Ուղղակի պետք է հիշել մի կարևոր փաստ` ծերուկ խանդն իր հետ բերում է սիրելիին կորցնելու մեծ վտանգ: Լավագույն տարբերակը` երիտասարդ խանդն է…

Ավարտին ուզում եմ հիշել Դյումա Որդու խոսքերը. “Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին ”:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել