Մայրս պատրաստվում էր՝ էջմիածին պիտի գնայինք, Վազգեն Առաջինի ձեռքը համբուրելու ու օրհնությունն առնելու: Կոմունիստների թագավորության եռուն շրջանն էր, երբ հալածվում էր եկեղեցին: Մայրս ու հայրս կոմունիստներ էին ու պաշտոններ էին զբաղեցնում: Մայրս անընդատ հիշեցնում էր՝ հանկարծ մարդու բան չասես, լեզուդ կկտրեմ: Լեզուս շոշափում, տեսնում որ տեղն էր, լռում էի:
«Այս տնական գաթան, հալվան Վազգենը շատ կսիրի»,- բացատրում էր ինձ ու ընկույզի սպիտակ միջուկով ծաղիկի նման զարդարում հալվան: «Մա, բա խի՞ չես մեզ համար էլ այդպես զարդարում»,- հարցնում էի նեղացած: «Դու ո՞վ ես է՜,- բարկանում էր, Աստծու առաջ ենք գնում»: Էջմիածին գնալու գիշերը քունս չտարավ, հոլի պես ֆռռում էի տեղաշորում ու մտմտում՝ բա որ մեր հարեւանները հարցնեն՝ ու՞ր եք եղել, ինչ պիտի ասեմ: Անմիջապես մորս վախեցած հայացքն էր գալիս աչքիս առաջ՝ մարդու բան չասես, մեզ գործից կհանեն, սոված կմնաս: Չէ՜, սոված մնալն ինձ համար չի, ավելի լավ է լռեմ: Անկողինս կրակ էր դարձել ու ինձ ուտում էր, տեղիցս վեր կացա ու խոհանոց գնացի: Տեսնեմ մայրս էլ է այնտեղ. ինչ որ ճռճռան թղթով քաղցրեղեն է փաթաթում: — Ինչու՞ չես քնում,- հարցրեց ու ասես արդարացավ,- ես «վեշ եմ կապում»: Անշշուկ կուչ եկա խոհանոցի ճոճվող աթոռի վրա: Կկոտրվի,- ասացի: — Աստծո դուռն ենք գնում, ոչինչ էլ չի լինի,- ասաց մայրս: Առավոտ շուտ ճանապարհվեցինք:
Երբ մոտենում էինք Էջմիածնին, մայրս ասաց՝ սիրտս թրթռում է, վալերիան էլ չվերցրի: Սուտի հերոսացա՝ հեչ պետքս չի: Մայրս սաստող հայացքով նայեց ինձ ու ասաց՝ էդ թշերդ խի՞ են կարմրել: Իրոք, խորհրդավորությունից թշերս վառվում էին ու զգում էի, որ սիրտս խփում է կոկորդիս տակ: Լավ չեմ հիշում, ինչպես, հաջողվեց մոտենալ Վազգեն Կաթողիկոսին, բայց մինչեւ օրս մորս ձայնն ականջումս է՝ թողեք մոտենամ, ռայոնից ենք եկել, դուք ամեն օր կարող եք տեսնել, բա մենք մեղք չե՞նք: Հեռվից տեսա Վազգեն Առաջինի դեմքը, որը չեմ հասկանում, ինչու էր շողշողում՝ մա, ոնց որ արեւ լինի,- ասացի ես: -Բա Աստված էդպես է լինում,-ձայնակցեց մայրս: Վազգեն Առաջինը մոտեցավ ու իր աջը դրեց մորս գլխին ու ինձ, փոքր էի, գրկեց ու համբուրեց: Ինչքա՜ն կուզեի, որ այդ պահը հավերժացված լիներ, մորս այդքան երջանիկ ու խաղաղ չէի տեսել, ողջ դեմքից մեղրի պես ժպիտ էր ծորում: Մարդիկ բոլորը Վազգեն Առաջինին այդ հայացքով էին նայում, բոլորը ժպտում, երջանիկ էին, իսկ ես Գիքորի պես մտածում էի՝ ինչու՞ մայրս, մարդիկ միշտ այդպես չեն ժպտում: «Եկեղեցին Աստծո տունն է,- ասաց մայրս,- Վազգենիս համար պատրաստած թխվածքն ու հալվան կթողնեմ այստեղ: Նա կիմանա, թե ով է բերել, բոլորին տեսնում, ճանաչում է, մենակ թե իմանայի՝ հավանե՞լ է»:
Մայրս եկեղեցում ոսկե խաչեր օրհնել տվեց ու ասաց՝ Նրանք մեզ ամեն փորձանքից կփրկեն: Երբ տուն վերադարձանք, միջանցքում մեզ դիմավորեց Վազգեն Առաջինի պատկերը, անսահման բարի: Եվ հետաքրքիր էր, որ ոչ միայն մեր տանը, այլ համարյա բոլոր տներում Վազգեն Առաջինի նկարն էր: Ոնց որ հիմա, թող ների ինձ Աստված, Հիսուսի նկարն է: Վազգեն Առաջինը մեզ համար Հիսուսի զորությունն ուներ: Իսկ հոգեւորականները, ովքեր շրջապատում էին նրան, մի տեսակ հրեշտակների ու անարատության խորհրդանիշ ունեին: Մարդիկ Աստծուն տեսնում էին Վազգեն Առաջինի մեջ: Ու՞մ տանը չկար Վազգեն Առաջինի նկարը, ո՞վ չէր պառկելուց առաջ համբուում նրա պատկերը: Եվ դա եկեղեցական մղձավանջային տարիներին: Կաթողիկոսը դրան արժանացել էր՝ իր ապրած կյանքով ու մարդու նկատմամբ մեծ սիրով: Մի առիթով Վազգեն Առաջին ասել է, որ աղոթքների ու երաժշտության բանաստեղծությունը լոկ միջոցներ են բուն հոգեւոր ապրումին բարձրանալու համար: Հատկապես հոգեւոր դասն ասում է, որ ոչ ոք բարոյական իրավունք չունի անհատի այս կամ այն հատկանիշով (լավ կամ վատ) գնահատելու հայոց եկեղեցին, ուրանալու նրա բազմադարյան ներդրումը հայի ինքնության պահպանման հարցում:
Խորը ճշմարտություն կա, ընդունում եմ, բայց արդյո՞ք հոգեւորականը եւս միջոց չէ բուն հոգեւոր ապրումին բարձրանալու համար: Արդյոք նա որպես միջոց պարտավոր չէ կատարել իր տիեզերեկան առաքելությունը: Հոգեւորականն իր արատավոր վարք ու բարքով հավատավորի մոտ չի՞ կոտրում հավատի աստիճանները, որով նա պատրաստվում է բարձրանալ: Վազգեն Առաջինն ինչքա՜ն մարդկանց է հոգեւոր դաշտ բերել, այն էլ՝ եկեղեցու համար դժնդակ տարիներին: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Բարձրաստիճան հոգեւորականի արատավոր քայլի մասին ողջ հավատավոր ժողովուրդն է խոսում, բարձրաձայնում, ու եկեղեցին լռում է: Եթե նույնիսկ այն ինչ պատմվում է, սուտ է, ինչու՞ է հատկապես այդ հոգեւորականի շուրջ անընդհատ նմանատիպ խոսակցություններ ծավալվում, ինչու՞ է լռում եկեղեցին: Մի՞թե նա էլ աշխարհիկ անպատժելիության օրենքներով է առաջնորդվում: Բայց չէ որ կա ամենամեծ դատավորը՝ Աստված, մի՞թե կարելի է հավատի հայր լինել ու չվախենալ նրանից:
Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են աղանդները շատանում: Վազգեն Առաջինն ասում է. «… Եկեղեցին իր խորքով զուտ հոգեւոր, տիեզերական մի երեւույթ է, իսկ իր ձեւով` ազգային: Ուրեմն, ակներեւ է, թե եկեղեցի գալու հոգեկան անհրաժեշտության զգացումը չպետք է շփոթել ազգային գիտակցության հետ»: Հոգեկան անհրաժեշտություն, որը հացի է նման ու կուզեի իմանալ՝ հիմա շատե՞րն են հոգեկան անհրաժեշտությունից դրդված եկեղեցի գնում, թե՞ ինչպես պաշտոնյաներից եմ լսում, եկեղեցի են գնում՝ ըստ ավանդական սովորության, մի տեսակ որպես ազգային պարտականություն, որպես հայկականության ապացույց իրենց խղճի եւ ուրիշների առջեւ: Օգտագործվող բառերը Վազգեն Առաջինից են: Եկեղեցին շա՞տ չի մոտեցել պետական սահմանին եւ իր հոգեւոր տարածքները մոռացել: Աստծո տանը պետք է իշխի Աստծո օրենքները ու հավատավորը մտնելով այդ տունը, պետք է զգա այն սրբազան սարսուռը, ինչ ես ու մայրս էինք զգացել Աստվածային մի լուսավոր օր:
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ



