Ուղիղ մեկ տարի է անցել «Հարսնաքարի» հայտնի դեպքից, երբ ծեծի ենթարկվեցին ռազմական բժիշկները, ու սպանվեց նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը: Դեռևս այն ժամանակ հանրային բողոքի մեծ ալիք բարձրացավ, որը պահանջում էր՝
1. Հեռացնել Ռուբեն Հայրապետյանին ՀՀ Ազգային ժողովից, որտեղ նա հայտնվել էր մեծամասնական ընտրակարգով՝ կաշառքի ու վախի մթնոլորտում պահելով ողջ ընտրատարածքը՝ Ավանը:
2. Բոյկոտել Նեմեց Ռուբոյի բիզնեսը, մասնավորապես «Հարսնաքարը» ճանաչել որպես մարդու կյանքի համար վտանգավոր սպասարկման համալիր:
3. Հեռացնել Ռուբեն Հայրապետյանին ՀՖՖ նախագահի պաշտոնից, քանի որ բռնության քարոզիչը չի կարող նման կաևորագույն ոլորտի ղեկավար լինել:
Բողոքի ալիքը հուժկու էր, քանի որ այդ բռնարարքը հաջորդեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, որի արդյունքներով խորհրդարանում մեծամասնություն կազմեց ՀՀԿ-ն: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ ընտրություններ էին դրանք, ովքեր էին ծառայել իրենց ֆինանսական միջոցներով ու քրեական ցանցով իշխանությունը բռնազավթածներին: Դրանցից մեկը Նեմեց Ռուբոն էր, Սերժ Սարգսյանի հենարանն ու գործիքը: Նա էլ հենց իր գործիքին ստիպեց վայր դնել մանդատը, որպեսզի հանրային ընդվզման մեծ ալիքն էլ ավելի չմեծանա ու կուլ չտա իրեն ևս: Հիշենք նաև այն փաստի մասին, որ որևէ ՀՀԿ-ական Նեմեց Ռուբոյի մասին գեթ մի թթու խոսք մինչ այժմ չի ասել, որևէ բռնարարքում նրան չի մեղադրել, նա դեռևս հանդիսանում է իշխող կուսակցության անդամն ու հենասյունը:
Այս մեկ տարվա ընթացքում բազում դատավարություններ եղան, որոնց կենտրոնում Նեմեցն էր, բազում բռնարարքներ ու ապօրինություններ տեղի ունեցան, որոնք սանձազերծել էր նույն այս քրեական տարրը, բայց բիզնեսի որևէ կորուստ չունեցավ, քանի որ պետք է սներ իր տիրոջը` Սերժին, ով բարեհաջող վերարտադրվեց նախագահական ընտրությունների ժամանակ ու էլի իր քրեական տարրերով լցրեց Երևանի ավագանին: Ուրեմն էս տիպաբանության համար ամենացավոտ տեղը ֆինանսական կորուստն է, քանի որ նրանք ազդեցիկ են այնքանով, որքանով կարող են սնուցել համակարգը: Իսկ մարդկության հիմնական խնդիրը ազատագրումն է, հենց այդ ֆինանսական ապօրինի բուրգերից սնվող համակարգերից:
Այժմ էլ մենք ականատեսն ենք ևս մեկ տաղանդավոր անհատի ազատագրման խնդրի: Սպորտի եւ արվեստի ցանկացած տաղանդավոր, ականավոր ներկայացուցչի համար բնական ճանապարհ է նվաճել մեծ ասպարեզներ, մարդը պետք է աճի եւ իրացվի: Երբ ռուսական սպորտային հաղորդման մեջ հարցրեցին Հենրիխ Մխիթարյանին, թե որն է նրա երազանքը, նա ասեց, որ երազում է հայտնի դառնալ եվրոպական ֆուտբոլի ասպարեզում, որպեսզի բոլորը ճանաչեն Հայաստանը, մեր երկիրը: Այս հանցագործ տարրերը իրենց սեփական շահույթի համար երկրի անունն էլ, ապագան էլ, առաջընթացն էլ զոհաբերում են` կործանելով նաև տաղանդավոր մարդկանց երազանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել