Վանաձոր քաղաքի ավագանու հունիսի 18-ին տեղի ունեցած նիստն աչքի ընկավ նրանով, որ նախապես քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված  օրակարգային 16 հարցերը դարձել էին 19-ը։ Ավագանու անդամներին բացատրություն չտրվեց նիստի օրը եւս երեք հարցով օրակարգը ծարաբեռնելու մասին, վերջիններս նույնպես ընդգրկված հարցերի հրատապության վերաբերյալ բացատրություններ չպահանջեցին: 

«Ինչպես մեզ հայտնի է, այսօր մեր քաղաք վարչապետն է գալիս, բերեք էֆեկտիվ աշխատենք»,- նիստի սկզբում ավագանու անդամներին կոչ արեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, սակայն հետո պարզվեց, որ օրակարգը պետք էր արագ սպառել, որովհետեւ քաղաքապետը շտապում էր:

Օրակարգային հարցերի շուրջ գրեթե քննարկում տեղի չէր ունենում, հնչեցվում էր հարցը, եւ մեկ-երկու բառ փոխանակելուց հետո անցնում էին քվեարկության։ Մեկ ժամում ավագանին սպառեց օրակարգային 19-ը հարցերը, որոնք բոլորն էլ ընդունվեցին ձայների ճնշող մեծամասնությամբ:  

Որոշ հարցեր ընդգրկվում են ավագանու նիստերի գրեթե բոլոր օրակարգերում, ինչպես օրինակ, «Վանաձոր համայնքի բյուջետային հիմնարկների աշխատակիցների 2013 թվականի թվաքանակները, հաստիքացուցակները եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի փետրվարի  25-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, որն, առանց քննարկելու, ավագանին միաձայն կողմ քվեարկեց:

Վանաձորի ավագանու բոլոր նիստերում պարտադիր է դառնում նաեւ 2013 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու հարցը, որին այս անգամ դարձյալ միաձայն կողմ քվեարկեցին նիստին ներկա ավագանու 18 անդամները։  

Արդեն սովորական դարձած աղմկոտ դահլիճում ընթացող նիստերի ժամանակ նույնիսկ դժվար է հասկանալ, թե ինչպես են ավագանու անդամները կողմնորոշվում կողմ կամ դեմ քվեարկելու հարցում: Հատկապես, երբ օրակարգային հարցերը ներկայացնելու ժամանակ ակտիվ միջամտում են, միմյանց ընդհանրապես չեն լսում, անընդմեջ ներս ու դուրս են անում։

Մարիամ Գալոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել