Սարդարապատի ուղղությամբ թուրքերը դուրս են բերել 15-հազարանոց զորաբանակ՝ Յաղուբ Շևքեթ փաշայի հրամանատարությամբ։ Ճակատամարտից առաջ Սիլիկյանը կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկել է հեռանալ Սևանի ուղղությամբ՝ նրա անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռացել Սբ․ էջմիածնից, այլև կարգադրել է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում՝ ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով։
Մայիսի 21-ին տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական ուժերը նահանջել են՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Վտանգվել են Սբ․ էջմիածինն ու Երևանը, որտեղ, բազմահազար արևելահայերից բացի, հավաքվել էին հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականներ։ Մայիսի 22-ի առավոտյան ժամը 6-ին հայկական զորքը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ հուժկու հարվածով ոչնչացրել է Ղամշլու (այժմ՝ Եղեգնուտ) գյուղի շրջանում կենտրոնացած թուրքական ուժերը՝ ազատագրելով նախօրեին գրավված Սարդարապատը։
Թուրքերը նահանջել են և դիրքավորվել Արաքս կայարանի շրջանում։ Առաջին հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել ժողովրդի մեջ, տարբեր տեղերից եկել են նորանոր խմբեր, միավորվել Սարդարապատի ջոկատում՝ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարության ներքո։