«Հրաշքների դաշտ» հեռուստահաղորդման վարող, դերասան և գրող Լեոնիդ Յակուբովիչը Baltkom ռադիոկայանի եթերում խոստովանել է, որ երբեք հեռուստացույցով չի դիտել հեռուստաշոուն և չի հասկանում, թե ինչպես է այն շարունակվում այդքան երկար տարիներ:
«Ես չեմ կարող բացատրել, թե ինչպես է այս հաղորդումը 29 տարի գոյատևում, ես կատակ չեմ անում: Ես իմ վրա եմ վերցնում հաղորդման միայն տասներորդ մասը, մնացածն Աստծուց է»,- Յակուբովիչի խոսքերը մեջբերել է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ ինքը միշտ ձգտում է, որ ծրագիրը հաճելի լինի թե՛ հանդիսատեսի, թե՛ իր համար: «Եթե ես դադարեմ հաճույք ստանալ, ապա դուք իմ աչքերում կտեսնեք, որ ես հոգնել եմ»,- ասել է Յակուբովիչը:
Նա ցավով է նշել, որ մոնտաժի ընթացքում հաղորդման շատ ծիծաղելի հատվածներ դուրս են մնում եթերից: «Հաղորդման նկարահանումը տևում է մոտ 2.5 ժամ, սակայն եթերում ցուցադրվում է ընդամենը մեկ ժամը: Դահլիճն այնպես է ծիծաղում, այնպիսի ուրախ տրամադրություն է լինում, բայց շատ հաճախ մոնտաժի միջոցով այդ կտորները դուրս են մնում»,- նշել է «Հրաշքների դաշտ»-ի հաղորդավարը:
Լեոնիդ Յակուբովիչը պատմել է նաև, որ շատ հաճախ երեխաները պատրաստ չեն լինում անմիջապես երգել կամ արտասանել ստուդիայում: Այդ ժամանակ ինքը երեխային միջանցք է տանում և թույլ տալիս երգել հանգիստ միջավայրում: «Նա միջանցքում երգում է, և մենք երգելով մտնում ենք ստուդիա»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ նման «համեղ կտորներ» եթերում չեն հայտնվում, հեռուստադիտողը տեսնում է միայն, որ երեխան եկել և արտասանել է: