Ձմռանը, երբ մարդիկ հատկապես ավելի շատ են զգում վիտամինների պակաս, շուտ են հոգնում, հաճախ են հիվանդանում, մասուրն ուղղակի անփոխարինելի է:
Հասած մասուրի մեջ C վիտամինը 10 անգամ ավելի շատ է, քան սեւ հաղարջի, եւ 50 անգամ ավելի շատ է, քան կիտրոնի մեջ: Բացի դրանից՝ մասուրը պարունակում է նաեւ B1, B2, P, K եւ կարոտին, այդ պատճառով մասուրից պատրաստված թուրմերը, եփուկներն օգտագործվում են որպես կանխարգելող եւ բուժող միջոցներ ավիտամինոզի եւ հիպերվիտամինոզի դեմ:
Մասուրն ունի նաեւ լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային հատկություններ, լավացնում է հորմոնների սինթեզը, ֆերմենտների ակտիվությունը, նորացնում մկանային հյուսվածքները, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:
Մասուրն օգտագործում են նաեւ ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդությունների, գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում:
Մասուրի արմատների եփուկն օգնում է միզապարկի բորբոքման, ռեւմատիզմի ժամանակ: Մասուրի սերմերի յուղն օգնում է վերքերի, քերծվածքների, մաշկի վնասվածքների ժամանակ:
Ուշադրություն․ մասուրը հակացուցված է տրոմբոզների, տրոմբոֆլեբիտի, էնդոկարդիայի եւ արյան վատ շրջանառության դեպքում:
Անեմիայի` սակավարյունության, հյուծվածության, նախավիրահատական եւ հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում ուտել թարմ մասուր, նաեւ խմել 1/4-1/2 բաժակ մասուրի թուրմ օրը 2-3 անգամ:
Սրտխառնոցի, փսխման ժամանակ օգտակար է ծամել մայիսյան մասուրի ծաղիկների թերթիկները: Ստամոքսի ցավի դեպքում դրանցից կարելի է նաեւ թեյ սարքել, թողնել՝ 15-20 րոպե թրմվի, ապա օրը 3-4 անգամ խմել կեսական բաժակ:
Լյարդի բորբոքման եւ քրոնիկ հեպատիտի դեպքում օգտակար են դարչնագույն մասուրի պտուղները: 20 գ չորացրած, մանրացված մասուրի վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 12 ժամ թողնել թերմոսի մեջ, ապա քամել եւ օրը երեք անգամ խմել կեսական բաժակ:
Խոլեցիստիտի դեպքում դարչնագույն մասուրի ծաղիկներից թեյ սարքել, թողնել 15-20 րոպե, խմել օրը 4 անգամ, կեսական բաժակ:
Հոդային ռեւմատիզմի բուժման համար 1,5 բաժակ մասուրի արմատները թրմել 1,5 լիտր օղու մեջ: Առաջին 3 օրերը խմել 1 թեյի գդալ, օրը 3 անգամ, հետագա օրերին` 2-ական գդալ: Այս թուրմը խորհուրդ է տրվում նաեւ հոդերում աղերի կուտակման դեպքում: