Հենրիկ Մխիթարյանը հացադուլ է հայտարարել74-ամյա Հենրիկ Մխիթարյանի մասին քչերը գիտեն…. Ամեն հինգշաբթի նա գալիս է կառավարության շենքի դիմաց՝ բողոքելու: 
Panorama.am-ի հետ զրույցում Հ.Մխիթարյանը, ում պարանոցից ամբողջ կրծքավանդակը փակած  կախված է՝ «հացադուլ» ձեռագիր պաստառը, ասաց, որ հարյուրավոր գյուտերի հեղինակ է. «Գիտնականների կարծիքներ ունեմ, որոնք երաշխավորում են իր գյուտերը ներկայացնել հանրապետության նախագահին: Ամբողջ աշխարհի էներգետիկայի հարցը լուծող, գլոբալ տաքացման հարցը լուծող գյուտերը կան, աշխարհին ներկայացնելու համար, բայց տեր կանգնող չկա»,- գյուտերով հաստափոր փաթեթը ցույց տալով ասաց Հենրիկ Մխիթարյանը:

Հացադուլն էլ սկսում է ամեն հինգշաբթի, բայց «տեր կանգնող չի լինում, գնում եմ տուն». «Տեր կանգնող չկա, աղջիկ ջան, թողնեմ կերթամ»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ առաջին անգամ չէ, որ դիմում է կառավարությանը, տասներկու տարի է դիմում է, որ տեր կանգնեն երկրագունդը դրախտի վերածելու գաղափարին, բայց երկրագունդը անտեսում է իրեն ու անապատի վերածվում.
«Պտի ներկայացնեն աշխարհին, տեր կանգնող չկա»,- անընդհատ կրկնում էր նա: Վերջում էլ ավելացրեց, թե «մեռնելուս վախտն եկել է», բայց որ իրեն լսող ու տեսնող չկա, նա, ինչպես և միշտ, կգնա տուն: Չհասկացանք միայն, տանն էլ է հացադուլ անում, թե միայն կառավարության շենքի դիմաց, բայց Հենրիկ Մխիթարյանը խոստացավ, որ էլի կվերադառնա այստեղ, մինչև իրեն լսեն ու երկրագունդը վերջապես դրախտի վերածեն. «Ջանդամ ես չեմ տեսնի, գոնե լսեն, անեն…. Աղջիկ ջան, սա «յութուբ» կգցես, թող գոնե տենց տենան»,- հրաժեշտի պահին հորդորեց նա ինձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել