Ստեֆանի Սյաոն իր դերասանական կարիերան սկսել է հեռուստատեսությունում 1989 թվականին: 30 տարի անց նա համարվում է Ասիայի ամենահաջողակ դերասանուհիներից մեկը, բայց փառքի հասնելու երկար ճանապարհը ոչ մի կերպ չի ազդել նրա արտաքինի վրա: Թայվանցի դերասանուհին համացանցի օգտատերերին ցնցել է իր ծաղկուն արտաքինով և բարետես կազմվածքով:
Նրա նոր լուսանկարները վիրուսային են դարձել այն բանից հետո, երբ ցանցում արձանագրեցին, որ Ստեֆանիի դեմքը հեռուստաէկրաններին երևում է արդեն 30 տարի, բայց նա այնպիսի տեսք ունի, ասես հենց նոր է 20 տարին բոլորել, հայտնում է Daily Mail-ը: Ստեֆանին ծնվել է Սինբեյ քաղաքում 1968 թվականին։ Նա երգչուհի Վալերիայի և հոլիվուդյան դերասանուհի Ջիլիան Անդերսոնի՝ «Գաղտնի նյութեր» սերիալի աստղի հասակակիցն է: Նրանք բոլորն արդեն տոնել են իրենց 50-ամյա հոբելյանը, բայց միայն թայվանցի աստղին են շարունակում որպես ուսանողուհու ընկալել:
1989 թվականին նկարահանվելով ռոմանտիկական դրամայում՝ նա շուտով հռչակվեց ամբողջ Ասիայում: Ստեֆանին մեկ անգամ չէ, որ ճանաչվել է Թայվանի ամենագեղեցիկ կինը: Բացի այդ՝ նա չինական Weibo սոցցանցի իսկական աստղ է: Այնտեղ Ստեֆանին 344 հազարից ավելի բաժանորդ ունի, որոնց նա պատմում է իր առօրյա կյանքի մասին և պարբերաբար ներկայացնում մարզասրահում արված լուսանկարները: Աստղը պնդում է, որ ինքը երիտասարդ աղջկա սիրտ ունի, և այդ ամենը՝ յոգայի շնորհիվ, որով նա զբաղվում է արդեն տասը տարի: Բացի այդ՝ դերասանուհին սիրում է լողը, իրեն շրջապատում է սենյակային բույսերով և ընտանի կենդանիներով: Իր հավերժ երիտասարդության գլխավոր գաղտնիքը Ստեֆանին համարում է բուսակերությունը: