Armsport.am-ը գրում է.
«Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը Եվրոպա Լիգայի եզրափակչի՝ «Չելսիի» հետ խաղին ընդառաջ ասել է, որ «զինագործները» ցանկանում են նվաճել տիտղոսը թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:
Բաքվում կայանալիք եզրափակչին Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու:
Ըստ Սոկրատիսի՝ «Արսենալի» խաղացողները թիմակցի բացակայությունը կօգտագործեն իբրև հավելյալ մոտիվացիա՝ չորեքշաբթի երեկոյան Բաքվում «Չելսիին» հաղթելու համար:
«Անշուշտ, Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար: Մենք շատ վշտացած ենք ու հիմա պետք է հաղթենք նրա համար: Մենք պետք է խաղանք մեր խաղը: Հավատանք, որ կարող ենք անել դա: Եվ ես կարծում եմ, որ եթե ներդրվենք 100 տոկոսով ու մի քիչ էլ հաջողակ լինենք, քանի որ եզրափակիչ խաղում ամեն բան կարող է պատահել, ապա կհաղթենք:
«Չելսին» լավ խաղացողներ ու մարզիչ ունի: Մենք հարգում ենք նրանց: Բայց մենք նախատեսում ենք ցուցադրել մեր խաղը, ստեղծել մեր պահերը, լինել կենտրոնացած, լավ պաշտպանվել: Խաղալ համախմբված ու վերջում հաղթել խաղը: Դժվար է մեզ համար, բայց նրանց համար էլ է դժվար»,- Սոկրատիսի խոսքերն է մեջբերել 101greatgoals.com-ը՝ հղում անելով goal.com-ին:
Հիշեցնենք, Եվրոպա Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: