Tert.am-ը գրում է.

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ դժվար թե Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի: Նա, Tert.am-ի հետ զրույցում, ներկայացնելով իր վերլուծությունը վերջին շրջանում ԱՄՆ-Իրան լարվածության վերաբերյալ, նշեց, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ողջ Մերձավորարևելյան տարածաշրջանի համար:

«Իրանն այդ տարածաշրջանի հզորագույն պետություններից է: Միացյալ Նահանգներն էլ գերտերություն է: Նրանք կխուսափեն պատերազմից: Հնարավոր է՝ լոկալ միջադեպեր գրանցվեն»,- ասաց նա՝ նկատելով, որ զինուժի կենտրոնացումը տարածաշրջանում արդեն այդ վտանգը պարունակում է:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հիմա Իրանն ու ԱՄՆ-ն արբանյակների մակարդակով բախման մեջ են՝ հիմնականում Մերձավոր Արևելքում: «Պետք է նշել, որ շատ դեպքերում Միացյալ Նահանգները պատերազմում է իր դաշնակիցների միջոցով: Այս դեպքում խոսքը Սաուդյան Արաբիայի և Իսրայելի մասին է: Հետևաբար, խնդիրը բարդանում է: Դրա համար կարծում եմ, որ հիմա լայնամասշտաբ պատերազմի մասին խոսելը չափազանց շուտ է, և դրա հավանականությունը փոքր է»,- ասաց նա:

Իրանագետը նաև նկատեց, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տարվող գործընթացը տիպաբանորեն նման է Հյուսիսային Կորեայի հետ տարվող գործընթացին, որի վերջնարդյունքը կողմերի հանդիպումն ու բանակցությունն էր:

«Բայց չեմ կարծում, որ իրանցիները հիմա տրամադրված լինեն բանակցելու Միացյալ Նահանգների հետ: Իրանցիների պահանջը շատ բնական է: Նրանք Միացյալ Նահանգներին կոչ են անում վերադառնալ Միջուկային համաձայնագրի շրջանակներ, համաձայնագրի, որը միջազգայնորեն ընդունված փաստաթուղթ է, և որը միակողմանիորեն խախտել է Միացյալ Նահանգները: Հետևաբար, երկկողմ բանակցությունները թեև չպետք է բացառել, բայց դրանց հավանականությունն էլ չափազանց փոքր է»,- ասաց նա:

Հիմա, ըստ Վարդան Ոսկանյանի, Իրանի քաղաքական տրամաբանությունը հետևյալն է. սպասել ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրություններին, իսկ այս ընթացքում դիմանալ լարմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել