Tert.am-ը գրում է.

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի խոսքով՝ սխալ կլինի ասել, որ իշխանափոխությունից հետո երկրում ոչինչ չի փոխվել: Նա Tert.am-ի հետ զրույցում, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքում եղած զարգացումները, խոսելով «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հրավիրած հանրահավաքի և այնտեղ հնչած անհանգստությունների մասին, նշեց, որ մասնավորեպես իրեն անհանգստացում է, որ երկրում տնտեսության զարգացում դեռևս չկա և մտահոգված է Արցախի անվտանգությամբ:

«Այն, որ Դաշնակցություն է այդ մասին խոսում, ես հասկանում եմ: Դաշնակցությունը հզոր ուժ է, ռեգեներացիայի հնարավորություն միշտ ունեցող ուժ է, և հիմա քաղաքական այդ ուժը փորձում է նորից գեներացնել իր ուժերը,- ասաց նա՝ նկատելով, որ այս պահին Դաշնակցությունն անում է ընդդիմության իր դերը,- պետք է քննադատի, բայց կարծում եմ՝ դրա հետ մեկտեղ պետք է առաջարկներ էլ անի, որովհետև ամենահեշտ բանն է՝ լինել ընդդիմություն և քննադատել և չառաջարկել այլընտրանքային ծրագրեր»:

Անդրադառնալով այսօրվա իշխանություններին, խոսելով նրա մասին, թե արդյոք այսօր նրանք ընդունում են իրենց ուղղված քննադատությունները և հետևություններ անում՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ նրանց մեջ եղած ավելի փորձառուները լսում են, իսկ երիտասարդաները քննադատության սովոր չեն, միանգամից ընդդիմանում են:

«Երիտասարդները, որոնք քաղաքական դպրոց չեն անցել, սովոր չեն, որ իշխանությանը պետք է քննադատեն: Դա անփորձությունից է գալիս. Մի մասը ժամանակի ընթացքում կսովորի, մի մասը՝ այդպես էլ չի սովորի»,- ասաց նա:

Խոսելով այսօրվա իշխանությունների կատարած փոփոխությունների մասին՝ Կարեն Քոչարյանը մատնանշեց, որ առաջինը փոխվել է մարդկանց մտածելակերպը՝ թե՛ իշխանությունում, թե պարզապես հաարակության մեջ:

 «Այսօր հասարակության մեջ քննադատելի է կաշառք վերցնելը: Ես չեմ ասում, որ չեն վերցնում: Դա մարդկության պես հին է, բայց համակարգային կոռուպցիա չկա, և այն այսօր դատապարտելի է հասարակության կողմից»,- ասաց նա:

Նա նորից ներկայացրեց իր մտահագությունների այսօրվա իշխանությունների կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ, որն առնչվում է տնտեսության ոլորտի զարգացանը, որտեղ չկան համակարգային փոփոխություններ և Արցախյան հիմնախնդրի լուծմանը:

«Պետք է գնալ միացման: Պետք է մի կողմ դնել քաղաքական մոտեցումները, և անգամ եթե գիտես, որ օրինակ, Արցախում հակահեղափոխության փորձեր են անում, պետք է քո բարձր դիրքից հանդես գաս»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել