Tert.am-ը գրում է.

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու կոչի մեջ վտանգ չի տեսնում։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հարցը, սակայն, չպետք է ուսումնասիրի խորհրդարանական հանձնաժողովը, քանի որ հարցեր կան, որոնք կարող են պետական գաղտնիք լինել։

- Պարո՛ն Սարգսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջակը տարակածությունների առիթ է դարձել։ Ընդդիմադիր ուժերը նկատում են, որ սա վտանգավոր է, քանի որ խոսվում հայկական կողմից դավադրություն հնարավորության մասին։ Իրականում սա ի՞նչ վտանգներ է պարունակում:

- Այն, որ պետք է բացահայտվի և ամեն բան ուսումնասիրվի՝ փաստ է: Քանի տարի է սրա մասին խոսում ենք։ Բնական է, որ պետք է ձև գտնեն ուսումնասիրելու: Չգիտեմ, թե ժամանակին ինչու քրեական գործ չի հարուցվել։ Միևնույն ժամանակ պարզ է, որ քրգործ չէր հարուցվի նախկին իշխանությունների օրոք, բայց իշխանափոխությունից հետո ինչ-որ ձև պետք էր գտել։ Ես չեմ գտնում, որ խորհրդարանական հանձնաժողովում քննարկելը հենց այդ ձևն է։ Դա պետք է փակ ուսումնասիրվի, որից հետո հրապարակվի, որովհետև իսկապես լրջագույն խնդիրներ կան։

- Ասում են՝ վտանգավորն այն է, որ կարող էր դավադրություն լինել, որ պատերազմը կարող էին սանձազերծել, որ հող զիջեն։ Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ բարձր ամբիոններից հայտարարել է, որ իրենք միայն պաշտպանվել են, քանի որ հայկական կողմը հարձակվել էր՝ այդ թվում նաև իբր խաղաղ բնակչության վրա։ Հիմա տեսակետ  կա, որ ներկայիս իշխանությունները նախկին իշխանության հետ քաղաքական խնդրի պատճառով ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին։

- Դրա համար եմ ասում՝ գործով է պետք զբաղվել, ոչ թե հայտարարություններով։ Հիմա ընդդիմադիրներն ովքե՞ր են: Միանշանակ նրանք դեմ կլինեն, քանի որ իրենց են վերաբերելու այդ բացահայտումները, և բնական է, որ նենգափոխում են իմաստը։ Բայց գոնե այն տարրական հարցի պատասխանը պետք է ստանալ, այսինքն՝ պետք է իմանալ, թե ո՞նց է, որ Հայաստանը չդիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, այլ Ադրբեջանը սպասեց 5 օր ու ինքը դիմեց։  Գոնե այս հարցի պատասխանը պետք է ստանալ, դեռ մնացած հարցերից չեմ խոսում։ Պետք է գտնել ճիշտ լուծում, պետականորեն անել, այլ ոչ թե աղմկել։

- Այսինքն՝ հիմա իշխանությունները խնդիրն իսկապես լուծելու ու հարցերին պատասխան գտնելու փոխարեն աղմկո՞ւմ են։

- Պետք է նկատենք, որ այս հարցը շաղկապվում է դատարանների խնդրի հետ, չէ՞ որ այս համատեքստում այդ խնդիրը դրվեց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման դատական համակարգում հնարավոր չէ որևէ լուրջ հարց լուծել։ Հիմա այս հայտարարությունից հետո չի ասելու՝ «գիտեք, եկեք գործ բացենք՝ կապված ապրիլյան պատերազմի հետ», ծիծաղելի կլինի սա։ Դրա համար ասաց, որ քանի դեռ դատական նորմալ համակարգ չունենք, պետք է դիմենք խորհրդարանական հանձնաժողովին։ Բայց ես գտնում եմ, որ սա պետք է վերանայել, քանի որ սա խորհրդարանի բաց քննարկման հարց չէ, որովհետև կարող է գաղտնիք լինել։ Օրինակ՝ ԱԱԾ-ն կարող է անել, քանի որ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է ստուգվեն, մարդիկ պիտի հարցաքննվեն, որ, ի վերջո, պարզվի՝ եղե՞լ է դավադրություն, չի՞ եղել, ինչո՞ւ նման քաղաքականություն վարվեց և այլն։ Հարցեր կան, որոնք ժամանակին բարձրաձայնվել են, բայց մնացել են անպատասխան։

- Ի՞նչ եք կարծում՝ այս հարցում Արցախի իշխանությունները ՀՀ իշխանություններին կաջակցե՞ն՝ հաշվի առնելով Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարություններ, որոնք վկայում են ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև հակասությունների մասին։

- Արցախի իշխանություններից մի անձ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ հայտարարություն է  արել և դա Վիտալի Բալասանյանն է։ Ես չեմ լսել, որ որևէ մեկը մի խոսք ասի, սա էական է, քանի որ մի անձ է խոսել այս կամ այն խնդրի մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել