Գեղեցիկ առած այն մասին, թե ինչպես է պետք սովորել երջանիկ լինել։
Մի անգամ մի ծեր ու իմաստուն մարդ գնում էր փոշոտ ճանապարհով։ Նա չէր շտապում. մեկ կանգ էր առնում ու հիանում երկնքի թռչուններով, մեկ ծաղիկներին էր նայում ու զմայլվում։ Եվ ահա նա մի տղամարդու է տեսնում, որն իրեն ընդառաջ էր գալիս՝ ուսերին ծանր բեռով։ Մի հայացքն էլ բավական էր հասկանալու համար, թե որքան ծանր է նրա բեռը։
«Ինչո՞ւ ես դու քեզ համար ընտրել ծանր աշխատանքի և անվերջ տառապանքների ուղին»,– հարցրեց նրան ծերունին։
«Ես հենց այնպես չեմ տառապում, ես դիմանում եմ այս փորձություններին, որպեսզի երեխաներս ու թոռներս բարեկեցիկ կյանքով ապրեն։ Իմ բոլոր նախնիներն են դա արել. պապս ծանր աշխատանք է արել հանուն հորս, հայրս՝ հանուն ինձ, դե ես էլ հիմա անում եմ իմ երեխաների համար»,– պատասխանում է թշվառը։
«Ասա, իսկ քո ընտանիքի անդամներից որևէ մեկը երբևէ երջանիկ եղե՞լ է»,- հարցնում է իմաստուն օտարականը։
«Դեռ ոչ, բայց իմ թոռներն ու երեխաները անպայման երջանիկ կլինեն»,- ոգևորված պատասխանում է աղքատ տղամարդը։
«Գիտես, այսպիսի մի իմաստնություն կա. անգրագետը ոչ ոքի չի կարող կարդալ սովորեցնել, իսկ նապաստակը բազե չի դաստիարակի,- ասում է իմաստունը։- Սկզբում դու ինքդ պետք է փորձես երջանիկ լինել և միայն հետո կկարողանաս երջանկության արվեստին հաղորդակից դարձնել երեխաներիդ։ Դա կլինի ամենաարժեքավորը, ինչ դու կարող ես թողնել քեզանից հետո»,- ավելացնում է նա։