Pastinfo.am-ը գրում է.

Դատաիրավական  ոլորտում բարեփոխումներ վերաբերյալ  մայիսի 20-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետը ոչ միայն հայտարարեց դատավորների վեթթինգի մասին, այլ նաեւ նշեց, որ ինչ-որ ուժեր փորձում են թշնամանք հրահրել Հայաստանի և Արցախի ժողովրդի միջև: Բավական ուշագրավ էր նաև այն հայտարարությունը, որ դավադիր պատերազմ հրահրելու փորձ է արվում : Ընդ որում՝ առանց անուններ հնչեցնելու։  «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

- Պարոն Սաղաթելյան, ո՞րն էր վարչապետի մայիսի 20-ի հայտարարության հիմնական նպատակը:

-Նպատակը հետագայում կերևա՝ որն է, բայց ամեն դեպքում մենք և՛ Արցախի, և՛ իրավական բարեփոխումների մասով ունենք խորը մտահոգություն:

-Հայտարարության ժամանակ Փաշինյանն ասաց, որ որոշ ուժեր փորձում են թշնամանք հրահրել Հայաստանի և Արցախի միջև: Դուք նման միտում, ուժեր տեսնու՞մ եք:

-Նախ շատ հստակ ասենք, եթե կան նման ուժեր ժամանակն է՝ հնչեն կոնկրետ անուններ: Հակառակ դեպքում դա կդիտարկվի երևակայական թշնամիներով հասարակության վախեցնելու փորձ: Եթե Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կան մարդիկ, ովքեր դավադրություններ են նյութում, կամ դրանից առաջ հայտարարվեց, որ կան օտարերկրյա գործակալներ, ժամանակն է շատ կոնկրետ անուններ տալ ու զբաղվել այդ մարդկանցով:

-Եթե գործադիրի ղեկավարն ունի պետական դավաճանության վերաբերյալ տեղեկություններ և այդ մասին չի տեղեկացնում իրավապահ մարմիններին, սա ևս դավաճանություն չէ՞:

-Ես այդ բառերի նկատմամբ շատ պատասխանատու եմ վերաբերում և ինձ իրավունք չեմ վերապահի կոնկրետ դավաճանական մեղադրանքներով հանդես գալ: Բայց եթե վարչապետին հայտնի են տեղեկություններ, որ կան նման մարդիկ , պետք է հստակ տալ անուններ և զբաղվել այդ մարդկանցով:

-Կարծիքներ կան, որ այսպիսով  իշխանությունները փորձում են իրենց վրայից գցել պատասխանատվությունը՝ իրենց իսկ վարած քաղաքականության արդյունքում Արցախի հարցով հնարավոր վատթարագույն զարգացումների դեպքում: Դու ի՞նչ կարծիք ունեք:

-Այդ տեսակետը մենք նույնպես ինչ-որ չափով ընդունում ենք, բայց իշխանությունները պետք է հասկանան, որ ցանկացած ելքի դեպքում, ցանկացած իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

-Մամուլում այսօր լուրեր տարածվեցին, որ ներկայիս իշխանությունների վերնախավը փորձում է դաշնակցական և ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներին աշխատանքից ազատել: Դուք նման միտում տեսնու՞մ եք և սպասու՞մ եք նման քայլեր իշխանություններից:

-Եթե լինեն կոնկրետ դեպքեր, կստանան կոնկրետ արձագանքներ: Այո, պետական ապարատում կան դաշնակցականներ, կան քաղծառայողներ, որոնք երկար տարիների փորձառություն, գիտելիքներ և հմտություններ ունեն , և եթե որևէ մեկին իրենց քաղաքական հայացքների համար փորձեն ազատել աշխատանքից, մենք անմիջապես կարձագանքենք:

-Բայց նման քայլի սպասու՞մ եք իշխանության կողմից:

-Մենք ամեն ինչի սպասում ենք և ամեն ինչի պատրաստ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել