Ցավում եմ, որ նախագիծն ընդունվեց, ու Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի։ Անպտուղ գործ եմ համարում փողոցների անունների վրա «սուրբ»-ը կցելը, դրա վրա ավելորդ քննարկումներ, ջանքեր ու միջոցներ ծախսելը և, առհասարակ, կրոնական երանգն աշխարհիկ ոլորտ փոխադրելը։ Առհասարակ, չեմ էլ հասկանում որևէ մահկանացուի «սուրբ» կարգելու իմաստը։ Իհարկե, կրոնական համատեքստում սա կա ու չի կարող չլինել։ Ու դա կա նաև անձնական, զգացմունքային ոլորտում։

Ինձ համար, օրինակ, զուտ անձնականորեն, սուրբ են մերս, հորս հիշատակը, ընտանիքս, ընկերությունը, սերը, Հայաստանը, հայերենը, հայերենագիտությունը։ Բայց կրոնական ու ներանձնական ոլորտներից դուրս՝ պաշտոնականորեն, որևէ մարդու «սուրբ» կարգելն ինձ համար տարօրինակ է։ Փառապանծ հայեր ենք ունեցել ու ունենք՝ Մաշտոցը, Խորենացին, Թումանյանը, Չարենցը, Աճառյանը, Աբեղյանը, Արամ Խաչատրյանը, Կոմիտասը և շատ ուրիշներ (բայց Գրիգոր Լուսավորիչն ինձ համար բացարձակապես տեղ չունի այդ շարքում)։ Նրանք, բարեբախտաբար, մարդիկ են, ոչ թե սրբեր։ Ու դա է նրանց ուժն ու հմայքը։ Նրանք ստեղծագործ մտքի հոյակապ կրողներ են։ Նրանք Մարդիկ են։ Եթե դուք նախընտրում եք նրանց ստեղծագործ ուժը նրանցից օտարել ու վերագրել իրականում բոլորին անհայտ ու վերացական որևէ ուժի, ապա դա ձեր իրավունքն է։ 

Բայց, այդ ամենից բացի, ինձ համար վատ են նաև այս գործի այլ մանրամասներ, օրինակ՝ այն, որ քաղաքապետարանի քննարկումն ընթացավ ցածր մակարդակով` երկուստեք վիրավորանքներով ու տկար փաստարկներով։

Է՛լ ավելի վատ էր այն, որ նախագծի հեղինակ-ջատագովները խաղում էին «սուրբ» բառի ու առհասարակ կրոնական գործոնով բարոյական ճնշման լարերի վրա, ամոթանք տալիս, իրենց նախագիծը ոգևորությամբ չընդունողներին պիտակում («ոչինչ չասող հայացքներ»` երկու անգամ, «ուղեղի տրամաչափ» և այլն): Իսկ գագաթնակետն այն է, որ ապրիլի 3-ի քննարկման մեջ (8:35-ից) Թեհմինա Վարդանյանն ասում է, որ ինքն ապշած է քննարկումներից ու դրանք անվանում է «աղմուկ ու վայնասուն», ու թե՝ «սա բան է, որը չեմ կարծում, որ նույնիսկ պետք է քննարկվեր»։

Հասկանո՞ւմ եք։ Փաստորեն, դա գերագույն ճշմարտություն էր, ու մենք իրավունք էլ չունեինք այն քննարկելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել