Մեղքս ի՞նչ թաքցնեմ, այս օրերին մի երկու-երեք անգամ էլ ես անդրադարձա մեր երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի՝ մեր սիրելի Հենոյի հետագա մարզական կարիերային առնչվող զարգացումներին: Ու ինչպես հասկանում եմ լրահոսից, չի ստացվում նրա տեղափոխությունը անգլիական պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Լիվերպուլ» ակումբ: Ու պատճառը ինչ-որ մթոտ ու, համենայն դեպս, վատ բաներ հուշող հանգամանքներ են՝ երրորդ, չորրորդ անձանց՝ Հենրիկի հետ կապված իրավունքների տեսքով, այդ անձանց ագահությունն ու էլի ինչ-որ նման բաներ: 
Բայց ինձ այլ հարց է այս ամենի մեջ հուզում՝ բուն մարդու, իր բնագավառում տաղանդավոր և իրականում մեծ հեռանկար ունեցող անհատի ու պրոֆեսիոնալի ճակատագիրը: 
Ցավալի է, իհարկե, իսկ որոշակի հանգամանքների հանրագումարում նաև՝ սարսափելի, որ նման մարդու մասնագիտական առաջընթացը կախված է չարչիական մտածողությամբ առաջնորդվող որոշ անձանց քմահաճույքից: 
Մյուս կողմից` անհնար է անտարբեր մնալ ու չարձագանքել Հենրիկի հնարավոր (հիմա արդեն անհնար թվացող) տեղափոխման շուրջ ծավալված տեղեկատվական-ապատեղեկատվական հիստերիային, դրան համաչափ ու զուգահեռ՝ սոցցանցերում ծավալվող «քննարկումներին»: 
Հատկապես այդ քննարկումները ծավալվում են «վայվլիկի» ու «վաշ-վիշ»-ի՝ հայկական միջավայրում այնքան սիրելի մոտիվներով: Դրամատիկ ու ողբերգական բաղադրությամբ հետևություններ, ենթադրություններ, կանխատեսումներ ու գուշակություններ, որ, թվում է, վերջ չունեն. «Վա՜յ, ափսոս Հենոն…», «Վերջ, կորավ տղու կարիերան…», «Կործանեցի՜ն…» ու նման բաներ: 
Ամեն մեկն, ինչ խոսք, ազատ է իր ընկալումների ու դրանք ներկայացնելու հարցում: Բայց ինձ, օրինակ, թվում է, որ նման ողբերգականացված արձագանքներն ուղղակի ողջ-ողջ թաղում են մարդուն: Համենայն դեպս, նման հոգեբանական միջավայր ու մթնոլորտ է ստեղծվում: Այսինքն, համատարած իռացիոնալ ընկալումներ ու մոտեցումներ: Տպավորություն է ստեղծվում, որ այդ դժվար պահին, փոխանակ հոգեբանորեն ու հնարավոր ամեն կերպ աջակցենք մարդուն, մեր հայրենակցին, ում խաղը ֆուտբոլի սիրահարներին ուրախության, ինչո՞ւ ոչ՝ երջանկության անկրկնելի պահեր է պարգևում, փոխանակ կողքին կանգնենք, դեռ մի հատ էլ կողքից հրում ենք, որ ընկնի: Ու այդ համատարած վայվլիկի մեջ աջակցության միայն հատուկենտ արտահայտություններ են լսվում: 
Ըստ որում, շատերն այնպես են ասում՝ «վերջ», կարծես խոսքն ընդամենը 24-ը նոր բոլորած երիտասարդ տղայի մասին չէ: Այնպես են ասում, կարծես «Լիվերպուլ» տեղափոխվել-չտեղափոխվելը կյանքի ու մահվան հարց էր: Կարծես «Շախտյորն» էլ աշխարհի ամենավատ թիմն է, կարծես Հենրիկ Մխիթարյանը դրանից հետո կորցնելու է իր ֆուտբոլային տաղանդն ու հմտությունները, կարծես…
Ես, անկեղծ եմ ասում, չգիտեմ, թե ինչպե՞ս կշարունակվի Հենրիկ Մխիթարյանի մարզական կարիերան: Հնարավոր է, նա ավելի բարձրակարգ թիմում հանդես գա, հնարավոր է, որ մնա ու կարիերան շարունակի «Շախտյորում», որի առաջատարներից մեկն է դարձել ընդամենը 2 տարվա ընթացքում, հնարավոր է, հենց այդ «Շախտյորի» հետ եվրոպական ասպարեզում մեծ բարձունքների հասնի: Չգիտեմ: 
Բայց ես գիտեմ, որ Հենրիկ Մխիթարյանը չհանձնվող, մինչև վերջ պայքարող ու անմնացորդ նվիրումով իր կռիվը տանող Հայ մարդու տեսակից է: Ես համոզված եմ, որ ինչ էլ լինի, Հենոն, ի տարբերություն սրտանց տխրած ու ստից «վաշ-վիշ» անողների, իր մեջ ուժ կգտնի և կհաղթահարի իր ճանապարհին եղած այդ փորձությունը ևս: 
Հենո ջան, ոնց ասվում է՝ դուխդ չգցես: Աստված որ մի դուռ փակում է, փոխարենը մեկ ուրիշն է բացում: Առողջություն ու ամենայն հաջողություն եմ մաղթում քեզ, մեր ֆուտբոլային հպարտություն: 

Արմեն Հակոբյան
լուսանկարները վերցված են armsport.am կայքից, լուսանկարների հեղինակ՝ ՀակԲեր (Հակոբ Բերբերյան)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել