Pastinfo.am-ը գրում է.

ԱՄՆ-ն  քաջալերում է ՀՀ կառավարությանթ հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով: Այս մասին հայտնում է  ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։

«Փաստինֆո»-ն հարցմամբ  դիմել էր ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ դատական իշխանության շուրջ տեղի ունեցած իրադարձությունների,  դատավորների վեթինգ անցկացնելու վարչապետի հայտարարության վերաբերյալ։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- հայտնեցին դեսպանատնից:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առավոտյան՝ ժամը 08.30-ից, արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Վաղ առավոտյան արդեն արգելափակված էին թե Երեւանի, թե մարզերի դատարանների մուտքերը։ Այսօր վաղ առավոտից դատարանները փակ են եղել, նախապես նշանակված նիստերը՝ հետաձգվել, որեւէ դատավոր չի կարողացել մուտք գործի դատարան, արձանագրվել են նաեւ առանձին ոտնձգության դեպքեր։

Ավելի ուշ՝ ժ. 12։00-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի. «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել