Մեր երկրում աննախադեպ ու արտառոց իրավիճակ է ստեղծվել։ Աշխարհի բոլոր իշխանությունների գլխավոր ֆունկցիան ու ցանկությունը, որպես կանոն, պետության ներսում կայունության ապահովումն է։ Ապակայունացմամբ կարող է շահագրգռված լինել ընդդիմությունը, այն էլ՝ ոչ ստանդարտ իրավիճակներում։

Մեզանում ապակայունացման աղբյուրը հիմա դարձել է կառավարությունը, ավելի ճիշտ՝ դրա ղեկավարը։ Սա նշանակում է, որ նա աթոռի ոտքերի թուլություն է զգացել։ Եթե աթոռն ամրացնելու միակ տարբերակ են գտնվել ներքաղաքական ցնցումն ու սահմանադրական կարգի տապալումը, ապա մենք պետք է պատրաստ լինենք զարգացումների ցանկացած սցենարի։ Ամբողջությամբ մանիպուլյացիայի ենթարկվող ու զգացմունքային որոշումներ ընդունող մարդու մոտ հիմա պետության ղեկն է, և նա անկանոն շարժումներ է անում։

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա ամեն մեկը պատասխան է տալու իր արածի ու նաև չարածի համար։ Ես գիտեմ, որ «Իմ քայլը» դաշինքում և կառավարության կազմում, ինչպես նաև ուժային կառույցներում կան ողջամիտ և ադեկվատ մարդիկ։ Նրանք պետք է կանգնեցնեն այս խելագարությունը և չլռեն։

Այն, ինչ արվում է այսօր «հեղափոխական նպատակահարմարությունից» ելնելով, վաղը կարող է դառնալ քրեական գործերով կոնկրետ հոդվածների թեմա՝ շատ ծանր պատժաչափերով, հետևաբար, չի կարելի մեղսակից դառնալ մեկ մարդու անձնական քմահաճույքներն ու վախերը բավարարելու համար։

Գալիս է անհատական պատասխանատվության ժամանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել