Երբ հեղափոխությունը նոր էր իրականացել շատերը անհավանական սպասումներ ունեին նոր իշխանությունից՝ վարկերը զրոյանալ, տեսախցիկները հանել, աջ ու ձախ բոլորին բանտ գցել, փողերը խլել և այլն: Մի խոսքով անհավանական բաներ, որը իրականության հետ չէր կարող կապ ունենար: Դեռ այն ժամանակ, երբ մարդկանց ասում էիր, թե հեղափոխությունից հետո մի քիչ ավելի բարդ է լինելու, դիմանալ է պետք, շատերը չէին հավատում: Ու հենց այդ անհավանական հույսերի արդյունքում շատերը սկսեցին հիասթափվել, որովհետև պատահական բացահայտեցին, որ իրենց վերցրած ապառիկը պետությունը չի փակելու, իրենց վարկը կամ կարմիր լույսի տակ անցած տուգանքը չի մարվելու, ԴԱՀԿ արխիվները չեն վառվելու: Հասարակ բան, որ օրինական երկրում պարզապես չպետք է լինի, որոշ բացառություններ չհաշված: Այդ ժամանակ նոր իշխանությունն էլ առանձնապես ջանքեր չէր գործադրում մարդկանց մանրամասն բացատրելու համար, դե նոր էին, հաճելի էր այդքան վստահությունը և այլն:
Հիմա արդեն անցել է մեկ տարի ու մեծ է հավանականությունը, որ այդպես կոչված անցումային արդարադատությանը նույն ազդեցությունն է ունենալու, եթե իշխանությունը իրավիճակը իր ձեռքը չվերցնի ու մարդկանց մանրամասն չբացատրի, որ անցումային արդարադատությունը ունի իր լուծման մեթոդները, որը նույնպես խելքին մոտիկ տարբերակների վրա է հիմնված, ոչ թե կրկին անհավանական ու իրականությունից դուրս ցանկություններով:
Պետք չի թողնել, որ իրական կյանքում մարդիկ սկսեն հավատալ իրենց ֆանտազիաներին ու դա փաթաթեն պետության վզին, որ մեկ ամիս անց սկսեն կրկին հիասթափվել մի բանից, որը իրենց երազանքն էր, բայց գործանական կիրառելը անհնար էր:
Ու հիշեք, եթե դուք սկզբից ձեզ չապահովագրեք նման իրավիճակներից, ապա հակառակ ճամբարից սկսելու են մարդկանց գլուխը լցնել տարբեր հեքիաթներով, որը դուք հետո իհարկե չեք կարողանալու անել, բայց մարդիկ դրան սպասելու են: