Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնավորության ամենավատ կողմերից մեկը՝ դիմացինին թերագնահատելն է, ինչպես նաև անձնական և իր թիմային շահերը պետական շահերից վեր գնահատելն է, ինչի արդյունքում էլ իշխանության գալուց հետո նա և իր թիմը բազում ձախողումներ են ունեցել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում, որոնցից վերջինն ավելի ցայտուն է և վնասում է Հայաստանի միջազգային վարկանիշին...
Պարոն Փաշինյանը, իր անձնական վրեժխնդրությունն առաջ տանելով (մարտի 1-ի 10 զոհերի մասին մշտապես բարձրաձայնումներն ընդամենը պատրվակ են), այս մեկ տարվա մեջ կարողացավ հասարակության կողմից գրեթե մոռացության մատնված ՀՀ երկրորդ նախագահին դարձնել ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևորագույն ակտորներից մեկը... Ռոբերտ Քոչարյանի հակաքարոզն անելով, ձերբակալելով և ազատություն տալով` գործող իշխանությունները թերագնահատեցին նրա հնարավորությունները և ընկան ծուղակի մեջ... Փաշինյանը փորձում էր Քոչարյանի գործը ներկայացնել որպես հասարակ քրեական գործ՝ մոռանալով, որ ընդունի կամ չընդունի, Քոչարյանը քաղաքական գործիչ է, և նա կամ նրա թիմակիցները չէ, որ որոշելու են Քոչարյանը քաղաքական գործիչ է, թե՝ ոչ... Քոչարյանի ձերբակալությունը և դրան հետևած գործընթացները ցույց տվեցին, որ շատերը և հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ նախագահ Վ.Պուտինը, բազմաթիվ մեսիջներով հասկացրեց ՀՀ իշխանություններին "հեռու մնալ Քոչարյանից", ցույց տալով, որ վերջինիս գործը Մոսկվայում դիտարկում են որպես քաղաքական հետապնդում... Այս ընթացքում դեռ լռում է Եվրոպան և ԱՄՆ-ն և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Քոչարյանի գործը որպես խաղաթուղթ որոշ ժամանակ անց չի օգտագործվելու վերջիններիս կողմից ՀՀ-ի հետ հարաբերություններում...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի սկանդալային հետկանչից հետո Քոչարյանի գործը երկրորդ խոշոր ձախողումն է Փաշինյանի համար, որն արդեն թունավորում է Հայաստանի թե՛ ներքաղաքական վիճակը,թե՛ Հայաստան-Արցախ հարաբերությունները,թե՛ ազդում արտաքին քաղաքականության վրա...
Հ.Գ. Փաշինյանը լավ կլինի անարդարության դեմ պայքարը սկսի ոչ թե 2008 թ-ի դեպքերից, այլ 1996 թ-ի նախագահական սկանդալային ընտրություններից և 1990-ականների սկզբի քաղաքական սպանությունները բացահայտելուց, որպեսզի մարդկանց մոտ փարատվի այն կասկածը, որ պարոն վարչապետը պարզապես վրեժխնդիր է լինում Քոչարյանից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել