Վերջին երկու օրերին գրեթե բոլոր մարզական լրատվամիջոցները, այդ թվում՝ բրիտանական, արդեն կայացած էին համարում Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Լիվերպուլ»: Արդեն ներկայացվում էր տրանսֆերի արժեքը՝ 23 միլիոն ֆունտ, որ կողմերը համաձայնության են եկել, որ Մխիթարյանն արդեն ճանապարհվել է Անգլիա՝ բուժզննում անցնելու եւ պայմանագիր կնքելու համար:
Սակայն անգլիական «Mirror»-ը նշում է, որ այդ տրանսֆերը կարող է չկայանալ:
«Լիվերպուլը» վստահ է եղել, որ կարողացել է պայմանավորվել «Շախտյորի» հետ՝ խաղացողին 23 միլիոն ֆունտով ձեռք բերելու համար, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Ուկրաինայի չեմպիոնին պատկանում է հայ կիսապաշտպանի իրավունքների միայն կեսը, մյուս կեսը պատկանում է ուրիշներին: Իսկ այդ ուրիշները, ինչպես հայտնի է, Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարներից մեկն է՝ Օլեգ Մկրտչյանը, եւ «Փյունիկ» ակումբը, որի անվան տակ, իհարկե, կարելի է հասկանալ Ռուբեն Հայրապետյանին:
Հիշեցնենք, որ օրերս ռուսական Sport-express-ը առաջիններից մեկը ահազանգեց, որ տրանսֆերը կարող է ձախողվել: Ռուսական կայքը գրել էր. «Տրանսֆերի մասին, որպես կայացած փաստ, դեռ վաղ է խոսել: Մխիթարյանի վաճառքը վաղուց էր հասունացել, նա արդեն անցել է ուկրաինական առաջնության մակարդակը եւ այրվում է նոր մարտահրավերների հեռանկարից:
Սակայն՝ հասկանալով դա, նրա ներկայիս տերերը բացարձակապես չեն ցանկանում մի փոքր զիջել եւ գործարք կնքել: Առանցքային բառն այստեղ «տերերն» է, այլ ոչ թե՝ «տերը»:
Հենց այստեղ է թաքնված խնդիրը: Դոնեցկի «Շախտյորին» պատկանում է ֆուտբոլիստի իրավունքների միայն կեսը, մնացած կեսը իրար մեջ բաժանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ հետխորհրդային տարածքում խոշորագույն գործարարներից մեկը՝ Օլեգ Մկրտչյանը, որը, բացի ամեն ինչից, նաեւ Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր բաժնետերն է»,- գրել էր Sport-Express-ը:
Հաշվի առնելով, որ Օլեգ Մկրտչյանը Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկն է, կարելի է ենթադրել, որ նա 1-2 միլիոնի համար դժվար թե խոչընդոտներ հարուցեր Հենրիխ Մխիթարյանի կարիերայի համար: Համենայնդեպս, էժանագին, «մանր» մարդու տպավորություն այս տարիների ընթացքում չի թողել: Թե ով կարող է, ըստ անգլիացիների, ձախողել Մխիթարյանի տրանսֆերը «Լիվերպուլ», հետեւությունները ինքներդ արեք:
Իսկ «Լիվերպուլում» «Mirror»-ի աղբյուրը նշել է, որ այս ամենի պատճառով Մխիթարյանի տրանսֆերի վրա կարելի է խաչ քաշել եւ ֆուտբոլիստի բուժզննումն էլ չի կայանալու, թեպետ նախատեսված է եղել:
Ի դեպ, այս պատմությունը շատ է հիշեցնում 1990-ականներին Հայաստանի հավաքականի եւ «Շիրակի» կիսապաշտպան Արթուր Պետրոսյանի ձախողված տրանսֆերը Լոնդոնի «Արսենալ»: Այն ժամանակ էլ հիմնական խոչընդոտ դարձավ որոշ մարդկանց ագահությունը:
Հ.Գ. «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ Մխիթարյանը իրենց ակումբին կմիանա հունիսի 23-ին: