Հունիսի 22-ին՝ ժամը 12:00-16:00-ն, Երևանի անգլիական այգում «Էյվա» արվեստների հիմնադրան երկրորդ անգամ կկազմակերպի «Սոցարտ» բիենալեն, որի նպատակն է ստեղծել մի հարթակ հանրության համար՝ արվեստի միջոցով բարձրաձայնելու առկա սոցիալական խնդիրները: Բիենալեի մուտքն ազատ է. բոլորը կարող են գալ և նկարել՝ անկախ մասնագիտությունից և տարիքից:
Այս տարի «Սոցարտի» խորագիրը «Տեղաշարժ» բառն է: Այս բառի դրական և բացասական, ուղղակի և անուղղակի կապը առկա է աղքատության, ժողովրդավարության, մշակույթի և կրթության մեջ, բնապահպանական խնդիրներիում, ընտանիքում, միգրացիոն և փախստականների հարցերում և այլն:
«Սոցարտ» բիենալեի ընթացքում մասնակիցները կնկարեն վերամշակված արկղերի վրա, քանի որ ակղերը լավագույնս են խորհրդանշում միջոցառման խորագիրը: Միջոցառման ավարտին նկարված արկղերով կստեղծվի գեղեցիկ արտ-ինստալյացիա:
Բիենալեի առանձնահատուկ մասն է նաև լուսանկարչական ծրագիրը, որը կկազմակերպվի PanARMENIAN Photo գործակալության հետ համատեղ:
Հունիսի 20-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը նշում է փախստականների համաշխարհային օրը: Այդ օրվա կապակցությամբ բիենալեին կմասնակցեն նաև Հայաստանում ապրող փախստականները՝ իրենց առօրյա խնդիրները բարձրաձայնելու նպատակով:
«Սոցարտ» բիենալեն կազմակերպվում է «Արվեստը լրատվության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է որպես «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մի մաս:



