
Եվ ժամանակում, որ մեզնով է բաժանված, հանկարծ հայտնվեց օր, այսինչ մի օր այնինչ տարվա, և ես այդ օրվա հետ հաշտվել չկարողացա: Եղել էին տարբեր օրեր, տարբեր գիշերներ, բայց այդ մեկը շատ տանջալից էր: Կյանքն ու սերը հանկարծ կորցրեցին հիմնասյունը: Հավատացնում եմ` մեր հարաբերություններում նոր սիրու պատճառով չէր, որ հուսահատվեցի: Ես պատկերացնել իսկ չէի կարող ուրիշ կյանք, ուրիշ գրկախառնումներով, ուրիշի գրկում: Ես մտածել իսկ չէի կարող, որ մի օր կդադարեմ հավատարիմ մնալ քեզ. է որ ես քեզ հիշում էի հավերժ, չէ՞ որ հասկանում էի` գոյություն ունես և գոյություն չունենալ կարող ես միայն ինձ հետ: Կանանց, որոնց ես չէի սիրում, ասում է, որ նրանք կան այնքանով, որքանով դու կաս: Բայց կյանքը զենք ուղղեց մեր սիրո դեմ: Կյանքը, հին, վտանգավոր սիրո փոխարեն նոր սիրո անդադար փնտրտուքներում, կյանքը որոշեց սերը փոխել: Սկզբունքներ, հավատարմություն… Բայց միշտ չեն սկզբունքները հնազանդվում փայտե ցուցանակներին նախնիների գրած մռայլ օրենքներին. հնազանդվում են հաճախ հմայքին, ժպիտին ու հայացքին, բառերին ու շարժումներին երիտասարդության, կրքին ու մաքրությանը: Դա չես ջնջի:
***
Երկար ճանապարհից հետո ես գուցե էլ չգամ դռան մոտ, որ մենք երկուսս այնքան լավ գիտեինք, ես գուցե էլ չմտնեմ սենյակը, ուր ինձ այդքան շատ անգամ տիրել է հուսահատությունը և հույսը վերջ դնել հուսահատությանը: Որպես մի մարդ, որ անկարող է հասկանալ ոչ ինքն իրեն, ոչ իր ճակատագիրը ես գուցե գնամ ուրիշների մոտ, որ նման չեն իմ հորինածներին: Միայն թե պետք կլինե՞մ նրանց:
***
Երբ մենք հանդիպում ենք, իսկ մենք ամեն անգամ հանդիպում ենք ընդմիշտ, քո ձայնը պռնկեպռունկ նորից լցնում է աչքերդ, ինչպես արձագանք, որ ծայրեծայր լցնում է գիշերային երկինքը: Լողում եմ դեպի քո ամպի ափը: Ի՞նչ ես դու ինձ ասում: Որ քեզ երբեք մենակ չես համարել, որ երազներ չէիր տեսնում մինչ ինձ հանդիպելդ, որ դու քարի նման ես, որը բաժանում են մասերի, և ստանում են երկու հրաշալի քար մեկի փոխարեն, որ դու և երեկվանն ես և այսօրվանը միաժամանակ, և որ բնավ էլ պետք չէ քեզ մխիթարել, որովհետև դու երկատվում ես, որ հենց այսպես այսօրվա պես անբասիր կանգնես իմ առաջ:
Դու բոլորովին մերկ, մերկ ամբողջովին, և կուրծքդ, որ ավելի փխրուն է, քան ցրտահարված խոտի բույրը, կուրծքդ պահում է ուսերիդ բեռը: Բոլորովին մերկ դու հագուստդ հանում ես զարմանալիորեն հեշտ: Եվ փակում ես աչքերդ, և դա կարծես ստվեր լինի մարմնի վրա, խավար` կրակի վերջին բոցի վրա:
Աշնան, ամռան խրձերը, խրձերը ձմռան ու գարնան քանդվում են, և դու մինչ հատակը բացում ես սիրտդ: Դա կյանքի լույս է կրակը կլանում, դա օազիսն է անապատը ներծծում, և անապատը թույլատրում է, և հուսահատորեն սնվում է այն: Հազիվ լսելի թեթև թարմությունը գալիս է փոխարինելու խարույկների շուրջպարը, որ քեզ սովորեցրել էին ցանկանալ ինձ: Քո դիմաց մազերդ սողում են դեպի անդունդը, ու դա արդարացումն է մեր օտարացման: