«Արմավիա»-ի աշխատակիցներն այսօր դարձյալ ընկերության գրասենյակի դիմաց էին՝ իրենց նախկին գործատուից պահանջելով մարել աշխատավարձերի պարտքերը:
Աշխատակիցներից ոմանց հրավիրվել են ներս եւ, ըստ հանդիպման մասնակցածների, ընկերության ղեկավարությունից իրենց նույն պատասխանն էին տվել, ինչ նախկինում. «Ինչ-որ բան կվաճառվի, փողերը կտանք»:
Ի դեպ, նշենք, որ արդեն տեւական ժամանակ է, ընկերությունից այս պատասխանն են տալիս իրենց նախկին աշխատակիցներին:
Ավելին, «Արմավիա»-ն դեռեւս անցյալ շաբաթ խոստացել էր մարել պարտքերը` նշելով, որ իրենց պարտք ունեցող «Ավիա-Սերվիս» ընկերությունը վճարելու է պարտքը, եւ այդ գումարն իրենք ուղղելու են աշխատավարձերի մարմանը: Բայց, ինչպես այսօր հավաստիացրեցին բողոքի մասնակիցները, իրենց ոչինչ չեն վճարել:
«Գուցե 1-2 հոգու որոշ գումար տվել են, բայց հիմնական մասը ոչինչ չի ստացել»,-նշեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ բողոքի հերթական ակցիային մասնակցում էին հիմնականում թռիչքային անձնակազմի անդամները՝ օդաչուները, բորտինժեներները եւ ուղեկցորդները, որոնց աշխատավարձերը ավելի բարձր են մյուս աշխատակիցների համեմատ, ուստի եւ «Արմավիա»-ն այս մասնագետներին ամենից շատ է պարտք:
Չբավարարվելով ընկերությունում իրենց տրված պատասխանով` բողոքի մասնակիցներն ուղեւորվել են դեպի ՀՀ կառավարության շենք՝ գործադիրից պահանջելով միջամտել` ստեղծված խնդրին լուծում տալու համար: