Tert.am-ը գրում է․

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը կրկին աճուրդի հանելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Իմ կարծիքով՝ ուղղակի աճուրդի հանելը սխալ կլինի, քանի որ դա կարող է արժանանալ նախորդների ճակատագրին և շատ ավելի բացասական հետևանք ունենալ: Պետք է հստակ մշակված ծրագիր-առաջարկ լինի, և առնվազն 1-2 հետաքրքրվողներ լինեն, ընդ որում, կոնկրետ նշանակությամբ: Առայժմ քննարկվում է հյուրանոցի տարբերակը: Շատ հնարավոր է, որ ներդրող և օպերատոր ընկերությունը տարբեր լինեն, հիմնականում այդպես է լինում»,- նշեց Նարեկ Բաբայանը:

Նա, սակայն, դժվարացավ աճուրդի ժամկետներ նշել. «Ավելորդ շտապողականության կարիք չունենք»:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի խոսքով՝ ներդրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացվում են Տրանսպորտի նախարարության շենքն այլ նպատակներով շահագործելու հնարավորությունը: Նարեկ Բաբայանը չի բացառում, որ նախարարության շենքը ներկայացվի նաև միջազգային ցուցահանդեսներին:

Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը 4 անգամ աճուրդի է հանվել, բայց հետաքրքրություն չէր եղել շենքի նկատմամբ: Վերջին աճուրդը նշանակվել էր 2017 թ.-ի դեկտեմբերի 4-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել