Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ ձերբակալվել և տուգանվել են երկիր անօրինական ճանապարհով թանկարժեք իրեր մտցնելու փորձի համար, տեղեկացնում է News Georgia-ն։
«Հունիսի 20-ին «Սադախլո» սահմանային անցակետով Վրաստան է մուտք գործել Հայաստանի քաղաքացի Բ. Ա.-ն, ում ուղեբեռի ստուգման ընթացքում հայտնաբերվել են չհայտարարագրված զարդեր. երեք զույգ ականջօղ՝ քարերով, ոսկե մատանի և 238 հատ փոքր ադամանդ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եկամուտների ծառայության տվյալներով՝ Բ.Ա-ն տուգանվել է 1000 լարիի (մոտ 600 դոլար) չափով՝ 2400 լարիի (1500 դոլար) չհայտարարագրված զարդեր տեղափոխելու համար։
ՀՀ երկրորդ քաղաքացին նույն անցակետում ձերբակալվել է այս դեպքից մի քանի ժամ անց։
Հայկական պետհամարանիշերով Neoplan մակնիշի մեքենայի զննության արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված ապրանք՝ ադամանդապատ երկու ոսկե մատանի՝ ընդհանուր 18.66 գրամ քաշով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ծառայության տվյալներով՝ ապրանքի գինը կազմել է 1200 լարի (մոտ 730 դոլար)։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ. Ա.-ն ևս տուգանվել է 1000 լարիով (600 դոլար)։



