ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-ին ժամանել է Նիդերլանդների Թագավորություն։ Նույն օրը ՀՀ ոստիկանության պետը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորել է առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս համատեքստում նա կարևորել է տարվա սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում և գլխավոր դատախազությունում Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատուների նշանակումը։

Կողմերը քննարկել են Եվրաջասթի և Հայաստանի միջև արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ոստիկանությունում ևս համագործակցության պատասխանատու նշանակելու վերաբերյալ։

ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրաջասթի պատվո հյուրերի մատյանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել