Այս ընկերությունը, որը ձևավորել են մի խումբ երիտասարդներ, առաջարկում է իր տեսակի մեջ բացառիկ զեղչային համակարգեր...
Իրենց մատուցմամբ, նրանք ներկայացնում են համաշխարհային ազատական շուկայում ձևավորված նոր սկզբունքի հայաստանյան տարբերակը, որը նախաձեռնելով, իբր նպատակ ունեն աջակցել բոլոր նրանց, ովքեր կամենում են օգտվել բացառիկ զեղչային համակարգից: Նրանք հայտարարում են, որ CLUB 16 է կոչվում նախաձեռնության պաշտոնական անվանումը, որն այսուհետև հնարավորություն կտա իրենց հետ համագործակցող, իրենց բաժանորդը դարձող ամեն մեկին Հայաստանում գտնվելով` շփվել ողջ աշխարհի հետ, օգտվել տարբեր երկրների առաջատար ֆիրմաների արտադրանքից: Նրանք հաճախորդներին առաջարկում են իրենց նախընտրած խանութները, այդ խանութների լայն տեսականին` կիրառվող նոր զեղչային քարտերով: Զեղչերը պայմանավորված են մարդկային մեծ խմբերի ներկայությամբ: Նշանակում է, դառնալով իրենց համակարգի հաճախորդը, ամեն մեկն իր հերթին կարող է ձևավորել որոշակի խումբ, դառնալ այդ խմբի միջնորդն ու ոչ միայն մեծացնել իր զեղչային բալանսը, այլև ստանալ եկամուտներ: Ողջ աշխարհում ընդունված բրոքերային եղանակներն օրավուր կատարելագործվում են, դառնում առավել ճկուն ու մատչելի, առավել շահավետ: Իրենք էլ, իբր ականջալուր աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, առաջարկում են ճկուն սկզբունքներ...
Նման հայտարարություն կարդացող ամեն ոք կարող է գայթակղվել, առանց խորանալու ,,սարդոստայնի,, մեջ, հայտնվել այս երիտասարդ ,,գործարարների,, ցանցում... Իրականում ոչ մի նորույթ կամ ոչ բացառիկ բան էլ չկա: Ընկերության հետ համագործակցող ամեն ոք, իբրև թե զեղչային համակարգից օգտվելու պատրվակով, պիտի ստեղծի 16 հոգուց բաղկացած խումբ, այդ խմբի եկամուտների մի զգալի մասն էլ բաժին հանի այս երիտասարդներին, որոնք իրենց ,,օֆիսում,, նստած՝ վայելելու են ուրիշների աշխատանքի պտուղները...
Բայց մինչ ,,պտուղների,, վայելումը, պարզվում է, որ նոր օստապբենդերները իրենց ընկերության հաշվին չունեն ոչ մի լումա, արդեն աշխատեցնում են մարդկանց՝ չվճարելով, զբաղվելով խաբեությամբ, կեղծ խոստումներ տալով...
Ուրեմն, որտեղ կկարդաք CLUB 16 և կհանդիպեք գայթակղիչ առաջարկությունների, իմացեք, այս ամենը կեղծիք է, հերթական որոգայթը, որի մեջ հայտնվողը պիտի հետագայում իր վրա կրի այն բոլոր խարդախությունները, որոնք արդեն կրել են բազմաթիվ խաբված քաղաքացիներ, վերջերս էլ ,,ՏՈՆՈՒՍ ԱՇՈՏԻՑ,, քցվածները...



