Երեկ՝ մայիսի 14-ին, Թել Ավիվում կայացավ «Եվրատեսիլ» երգի 64-րդ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, իսկ մայիսի 18-ին կկայանա մրցույթի եզրափակիչը: «Եվրատեսիլը» հետաքրքիր պատմություն ու մասնակիցներ է ունեցել:

«Եվրատեսիլի» միտքն առաջարկվել է 1950-ականների կեսերին Եվրոպական հեռարձակողների միության կողմից, որը ստեղծվել էր դրանից մի քանի տարի առաջ: Ըստ նրանց՝ երգի մեծ մրցույթը ոչ միայն կհետաքրքրեր հեռուստադիտողին, այլև կնպաստեր եվրոպական երկրների մշակութային միավորմանը: Արդեն 1955 թ. հոկտեմբերի 19-ին կազմակերպության Հռոմի գլխավոր ասամբլեայում հայտարարվեց «Եվրատեսիլի» գլխավոր առաքելության մասին, որն էր՝ նպաստել փոփ ժանրում օրիգինալ և տաղանդավոր արտիստների ու երգերի ի հայտ գալուն: Իրականում մրցույթի կազմակերպիչները հետաքրքրված էին ոչ միայն մշակութային նոր ժառանգության ստեղծմամբ, այլև հեռուստատեսության տարածմամբ եվրոպացիների շրջանում, որոնք շարունակում էին ռադիո լսել:

Առաջին «Եվրատեսիլը» կայացավ շվեյցարական Լուգանոյում 1956 թ. մայիսի 24-ին: Մրցույթին մասնակցում էին յոթ երկրների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում էր երկու երգ (միակ դեպքը պատմության մեջ): Աստիճանաբար մասնակիցների թիվը մեծացավ, և ելույթների միաժամանակյա ապահովումն անհնար դարձավ, ինչի պատճառով էլ 2004-ից ի վեր մրցույթի ղեկավարությունը որոշում կայացրեց երկու մասի բաժանել այն՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ:

Լիզ Ասիա՝ «Եվրատեսիլի» առաջին հաղթողը

«Եվրատեսիլի» ողջ պատմության ընթացքում իրար դեմ մրցել են 52 երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, Հայաստանը, Վրաստանն ու Թուրքիան: Այս պետությունները կարող են մրցույթին ուղարկել իրենց ներկայացուցիչներին, քանի որ համարվում են Եվրոպական հեռարձակողների միության անդամներ: Հետաքրքիր դեպք է Ավտրալիայի մասնակցությունը, որը «Եվրատեսիլում» մեկ անգամ՝ 60-ամյակին նվիրված համերգի ժամանակ հայտնվելով դարձավ դրա լիարժեք մասնակիցը:

Հետաքրքիր է նաև «Մեծ հնգյակի» մասնակցությունը, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Իտալիան: Այս երկրները մշտապես եզրափակիչ են անցնում մեքենայաբար: Նման արտոնությունը պայմանավորված է նրանով, որ հենց այս պետություններն են 1950-ականներին ստեղծել Եվրոպական հեռարձակողների միությունը և, հետևաբար, կանգնած են «Եվրատեսիլի» արմատներում: Կան երկրներ, որոնք ձևականորեն կարող են մասնակցել մրցույթին, սակայն ինքնուրույն չեն կայացնում այդ որոշումը: Այդպիսիք են Վատիկանը, Ալժիրը, Եգիպտոսը, Լիբանանը, Լիբիան, Թունիսը, Հորդանանը: Այսպես՝ 2005-ին Լիբանանը հրաժարվեց մրցույթում իր դեբյուտից, քանի որ կազմակերպիչները լիբանանյան ազգային հեռուստաընկերությանն արգելել էին Իսրայելի երգչի ելույթը փոխարինել գովազդով: Հեռուստաընկերության ղեկավարները բացատրել էին. «Լիբանանը Իսրայելի հետ պատերազմական վիճակում է գտնվում, իսկ եթե Իսրայելը հաղթանակ տանի, ապա մենք ստիպված կլինենք նրա հաղթանակը ցուցադրել եթերով»: Արդյունքում նրան արգելեցին մրցույթին մասնակցել հետագա երեք տարիների ընթացքում, և մինչ օրս երկիրը մասնակցություն չի ունեցել:

Լիբանանը միակը չէր, որ հրաժարվեց մասնակցելուց «Եվրատեսիլին»: Այսպես՝ 1976-ին Շվեդիան չմասնակցեց մրցույթին՝ զգուշանալով հաղթանակից, քանի որ ստիպված կլիներ կրկին կազմակերպիչ-երկիր դառնալ: Դրա նախորդ տարում ABBA խումբն իր «Waterloo» երգով հաղթանակ էր տարել և մրցույթն իր երկիր տեղափոխել, սակայն ևս մեկ անգամ նման ծախսեր անել Շվեդիան պատրաստ չէր: 1982 թ. հրաժարվեց մասնակցել Ֆրանսիան՝ մրցույթը «անհեթեթություն» կոչելով: 15 տարի անց բոյկոտ հայտարարեց Իտալիան: Զանգվածային տեղեկատվության միջոցները հայտնում էին, որ Հռոմը նման որոշում է կայացրել, քանի որ ցանկանում էր զարգացնել Սան-Ռեմոյի իր հայտնի ֆեստիվալը: 1985 թ. եզրափակչին մասնակցելուց հրաժարվեց հարավսլավյան ներկայացուցիչը, քանի որ մրցույթի անցկացման օրը համընկնում էր Իոսիպ Տիտոյի մահվան 5-րդ տարելիցի օրվա հետ:

1968 թ. իսպանացի երգչուհի Մասիելը հաղթական ելույթ ունեցավ իր «La la la» երգով՝ առաջ անցնելով բրիտանացի հայտնի կատարող Քլիֆ Ռիչարդից: 2008 թ. իսպանական հեռուստատեսությունը վավերագրական ֆիլմ ներկայացրեց, որում նշվում էր, որ իր հաղթանակի համար իսպանուհին պարտական է բռնապետ Ֆրանկոյին: Մրցույթի տարիներին արգելվում էին չարտերային թռիչքները, քանի որ, ինչպես վստահեցնում էին լրագրողները, գեներալ Ֆրանկոն ցանկանում էր վստահ լինել, որ զբոսաշրջիկները չեն վնասի ֆաշիստական ռեժիմը, այդ պատճառով նա հեռուստատեսության ղեկավարներին Եվրոպա ուղարկեց, որպեսզի նրանք գնեն բազմաթիվ հեռուստահաղորդումներ, որոնք պետք է ցուցադրվեին, ինչպես նաև «Եվրատեսիլում» ձայներ ստանալու համար պայմանագրեր կնքեին տարբեր երկրների հետ:

Ֆրանսիսկո Ֆրանկո

Անհայտ է՝ այս ամենն իրականությո՞ւն է, թե՞ ոչ, սակայն Մասիելիի հաղթանակը քաղաքական սկանդալ առաջացրեց: Հաջորդ տարի Ավստրիան որոշեց իր մասնակցին չուղարկել Մադրիդ, քանի որ չէր ցանկանում ասոցացվել Ֆրանկոյի բռնապետության հետ: Այդ տարիներին նման պրակտիկան տարածված էր ոչ միայն ժամանցային, այլև սպորտային մրցույթների շրջանում: Այսպես՝ 1960 թ. Ֆրանկոն քաղաքական պատճառներով արգելեց Իսպանիայի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի գավաթի ժամանակ խաղալ ԽՍՀՄ թիմի հետ: Արդյունքում խորհրդային ֆուտբոլիստները մեքենայաբար անցան կիսաեզրափակիչ, որտեղ հաղթեցին Չեխոսլովակիային: Իսկ եզրափակչում հաղթանակ տարան Հարավսլավիայի նկատմամբ և պատմության մեջ առաջին Եվրոպայի չեմպիոնները դարձան:

«Եվրատեսիլն» անուղղակիորեն ազդում էր ոչ միայն պետությունների միջև հարաբերությունների վրա, այլև ներքին իրադարձությունների, օրինակ՝ հեղափոխությունների: Նման դեպք պատահեց Պորտուգալիայում 1974 թ.: Այդ ժամանակ երկիրը վերջին հորիզոնականում հայտնվեց Պաուլու դե Կարվալյուի «E depois do adeus» երգով: Չնայած մրցույթում պարտության՝ ստեղծագործությունը մեծ հեղինակություն էր ստացել երկրում, և մայիսի 24-ին այն տեղի ռադիոյով հնչեցվեց ուղիղ 22:45՝ որպես ազդանշան ապստամբների համար այն բանի, որ պետական հեղաշրջում է սկսվում: Այսպես այս երգը դարձավ «Մեխակների հեղափոխության» խորհրդանիշը, որը բերեց ավտորիտար ռեժիմի տապալմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել