Yerkir.am-ը գրում է.

Սոչիում երեկ ուշ երեկոյան կայացել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:

Մոտ մեկուկես ժամ տևած բանակցությունների ավարտից հետո Մայք Պոմպեոն հայտարարել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Պուտինի հետ, ով  շատ լավ գիտի երկկողմ հարաբերությունների խնդրահարույց հարցերը:

Կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը. Պոմպեոն հայտարարել է, որ Սոչիում բանակցություններից հետո  ԱՄՆ-ի և Ռուսաստանի մոտ ի հայտ եկավ այն խնդիրների ընդհանուր ըմբռնումը, որոնք խանգարում են Սիրիայում քաղաքական կարգավորմանը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ կողմերը կարճ անդրադարձել են իրանական միջուկային գործարքին, ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Ուկրաինայի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ճակատագրերը Պուտինը և Պոմպեոն չեն քննարկել:

Հայտնի է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ռազմավարական կայունության վերաբերյալ բոլոր հարցերի շուրջվերադառնալ երկխոսությանը, քննարկել հակահրթիռային պաշտպանության և ռազմավարական հարձակողական սպառազինության թեմատիկան:

Կողմերը նաև անդրադարձել են Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հունիսի վերջին Օսակայում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում հնարավոր հանդիպմանը. Ըստ Ուշակովի՝ ՌԴ-ն բաց է հնարավոր շփումների համար:

 Հավալենք նաև, որ այսօր Թրամփը հանդիպում կունենա Պոմպեոյի հետ՝ Սոչիում կայացած բանակցություններից անմիջապես հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել