«Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում համագործակցում է մի քանի արտասահմանյան կազմակերպությունների հետ, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, որի շրջանակներում պարբերաբար զեկույցներ է ներկայացնում: Հայաստանն այս տարի առաջին անգամ զետեղվել է զեկույցներ ներկայացնողների առաջին խմբում, ինչը նշանակում է, որ երկիրն իրականացնում է օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված քայլեր»,- ասաց ՀՀ թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը: Նրա հավաստմամբ՝ այս տարի ներկայացվել է պրոֆեսիոնալ զեկույց:

«Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ գտնվում է առաջին խմբում, քանի որ հարակից մի քանի երկրներում անգամ այս ոլորտում սանկցիաներ են կիրառվում»,- ասաց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը՝ հավելելով, որ կատարված աշխատանքները միայն պետության մենաշնորհը չեն. մեծ մասնակցություն է ունեցել նաև քաղաքացիական հասարակությունը:

Տ. Պետրոսյանը նշեց, որ այս շրջանում առաջին անգամ բացահայտվել են մարդկանց ներքին օրգանները վաճառելու դեպքեր. 6 դեպք է եղել, որոնցից մի քանիսի բացահայտումը ոստիկանության արագ արձագանքման արդյունքում բացահայտվել է: Նվազել են նաև թրաֆիքինգի արդյունքում մարդկանց մահացության դեպքերը: 

«Հասարակությունն իրազեկված է, ինչն օգնում է թրաֆիքինգի թվերի նվազեցմանը»,- ասաց նա:

Նախորդ տարի թրաֆիքինգի դեպք է գրանցվել Թուրքիայում, այս տարի՝ Արաբական Էմիրություններում: ՌԴ-ն էլ կարող է նպատակակետ լինել:

«Թրաֆիքինգը թաքնված հանցագործություն է»,- ասաց «Մարդը կարիքի մեջ» (People in need) հայաստանյան կազմակերպության թրաֆիքինգի և միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը: Նրա կարծիքով՝ թրաֆիքինգի իրական թվերը կարող են շատ մեծ լինել, ինչը պայմանավորված է ստվերային աշխատանքով: 

«Մենք տարածաշրջանում միակ երկիրն ենք, որ ճանաչել է մուրացկանության միջոցով թրաֆիքինգի դեպքերը որպես պատժելի արարք: Հայտնաբերման և պատժելու քայլերը հանգեցրել են դաշտի կայունացման»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել