Կառավարության՝ ապրիլի 25-ի կայացած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքի մասին: Թորոսյանն էլ արձագանքեց, որ ընթացքը գնահատում են «բավականին լավ», ծրագիրը համարում են «շատ հաջողված»՝ նշելով, որ 85 հիվանդի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել: Վարչապետի հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ժամանակին բուժօգնության դիմելու դեպքում ինսուլտն ու ինֆարկտը լիարժեք բուժվում են, և դա իրականացվում է պետպատվերով, Արսեն Թորոսյանը դրական պատասխան տվեց:
Առողջապահության նախարարի պատասխանները վարչապետի ուղղած հարցերին, մեղմ ասած, խնդրահարույց են, հիմականում հեռու իրականությունից: Բացատրեմ, թե ինչու:
Հայաստանում տարեկան արձանագրվում է սրտամկանի ինֆարկտի ստենտավորման միջամտությամբ ուղեկցվող շուրջ 5000 հիվանդանոցային դեպք: Պետպատվերի շրջանակներում՝ անհետաձգելի ծրագրով, փոխհատուցվում է 1500-1800 դեպք (ՍՏ - էլևացիայով ուղեկցվող սրտամկանի սուր ինֆարկտ), և այլ ծրագրերով փոխհատուցվում է ևս 1500 դեպք՝ մասնակի կամ ամբողջովին:
Այսպիսով՝ սրտամկանի ինֆարկտի շուրջ 1500-1700 դեպք կամ ընդհանուր դեպքերի շուրջ 30%-ը սպասարկվում է վճարովի սկզբունքով: Ուշագրավ է այն, որ առողջության առումով ամենախոցելի շահառուների խումբը` հաշմանդամություն ունեցող անձինք, այս ծառայության մասով չունեն պետպատվերով բուժօգնություն ստանալու իրավունք՝ չնայած այն հանգամանքին, որ հաշմանդամության պատճառագիտության մեջ շուրջ 35%-ը սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն են:
Հատկանշական է նաև այն, որ սրտամկանի ինֆարկտի «լիարժեք բուժումը» չի ավարտվում ստենտավորմամբ, այն ներառում է պացիենտի առողջության վերականգնողական և շարունակական հսկողության կարևոր փուլ, որը հաջորդում է ստենտ տեղադրելու միջամտությանը, մինչդեռ մեր ներկայիս առողջապահական համակարգում այս կարևոր փուլն անտեսված է, և բնականաբար, պետպատվերի մասին խոսք լինել չի կարող:
Մի կարևոր դիտարկում ևս․ սրտամկանի սուր ինֆարկտի այն դեպքերը, որոնք չեն ստենտավորվում, սոցիալական և հատուկ խմբերում չներառված քաղաքացիների համար համավճարային սկզբունքով են փոխհատուցվում՝ 50.000-150 000 ՀՀ դրամի շրջանակներում:
Ստացվում է՝ մի դեպքում պետությունը փոխհատուցում է մի քանի մլն դրամ ստենտավորման համար, մեկ այլ դեպքում, եթե այդ նույն ՍՏ - լևացիա ախտորոշումով հիվանդը հասանելության կամ այլ բժշկական ցուցումներով չի ստենտավորվել, վճարում է համավճարով: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք այս ծրագրերի հիմքում ընկա՞ծ են սոցիալական արդարության սկզբունքները, որոնց մասին այդքան հանգամանորեն բարձրաձայնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ակնհայտ է, որ ոչ, հետևաբար, շատ վաղ է խոսել սրտամկանի սուր ինֆարկտի բուժումը լիարժեք պետական պատվերով իրականացնելու մասին:
Վերջին հինգ տարիներին սրտամկանի սուր ինֆարկտի հիվանդացության և մահացության ցուցանիշները վկայում են, որ ստենտավորման ծառայության աշխարհագրության ընդլայնումը և ծառայության քանակական վերելքը որևէ էական բարելավում չեն արձանագրել: Ուղեղային սուր և ենթասուր կաթվածի` ինսուլտի հիվանդանոցային դեպքերի թիվը մեր հանրապետությունում տարեկան շուրջ 2500-2700 է:
Ինսուլտների այն դեպքերը, որոնք ներառում են վերակենդանացման միջոցառումներ (դեպքերի շուրջ 80%) բուժօգնությունը ստանում են վերակենդանացման բաժանմունքներում և պետական պատվերի փոխհատուցմանը զուգահեռ, դեպքերի բացարձակ մեծամասնությունում հիվանդի կողմից լրացուցիչ վճարներ է իրականացվում: Արդարության սկզբունքը գերակայելով՝ ասեմ, որ իրականում անբավարար է վերակենդանացման համար պետության կողմից փոխհատուցումը: Ռեանիմացիայից սովորական բաժանմունք տեղափոխվելուց հետո, եթե հիվանդը սոցիալական խմբերում ներառված չէ, բուժվում է համավճարային սկզբունքով, այս դեպքում էլ, ինչպես սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում, վերականգնողական և շարունակական հսկողության փուլը անտեսված է, իսկ ինսուլտ ախտորոշման ժամանակ այն ավելի երկարատև է և բազմապրոֆիլ:
Անդրադառնամ նաև այն ծրագրին, որի ընթացքում առողջապահության նախարարը գնահատեց «շատ հաջողված»: Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածի թրոմբոլիտիկ բուժում և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծառայություն. նախապես նշեմ, որ այն հայտնություն չէ, և որ արդեն բավական ժամանակ է՝ այս ծառայությունը Հայաստանում գործում է:
Անցնենք այն՝ որպես պետական պատվերի ծրագիր դիտարկելուն: Ծրագիրը վերաբերում է իշեմիկ ինսուլտներին, որոնք ավելի թեթև կլինիկական ընթացք ունեն և հիմնականում ավելի բարձր տարիքային խմբի մոտ են ախտորոշվում: Այն էֆեկտիվ է, եթե ժամանակային առումով հնարավորինս վաղ փուլում է իրականացվում միջամտությունը, Սակայն այս ծրագրում հաշվի առնված չեն այն դեպքերը, որոնք կընթանան ոչ պրոտոկոլային և կունենան երկար վերակենդանացման կամ վերականգնողական փուլ: Նկատի ունեմ, որ անգամ այս ծրագրի սահմաններում խոսել լիարժեք պետական պատվերի մասին առնվազն վաղ է:
Լսելով հնչեցրած 80-85 դեպքի մասին՝ փորձեցի ծրագրում ներգրավված երկու կլինիկաներից ճշտել, և դեպքերի թիվը հիսունը չէր անցնում, ուստի անգամ թվերի դեպքում նախարարի խոսքում անճշտություն կար: Եթե նույնիսկ առաջնորդվենք նրա հնչեցրած դեպքերի թվով, ապա ծրագիրը գործում է փետրվարի մեկից, հետևաբար տարեկան այս ծրագրով բուժօգնություն կստանան շուրջ 250-300 հիվանդ: Եվ այս ցուցանիշը թույլ է տալիս եզրակացնել, որ ինսուլտի բուժումն անվճա՞ր է:
Մի՞թե պրոֆեսիոնալ է, որ ընդամենը ութսուն դեպքով արվում է վերլուծություն, և ծրագիրը որակվում «շատ հաջող»: Առնվազն մեկ տարի ծառայություն մատուցելուց հետո կարելի է որոշակի որակումներ տալ, իսկ մինչև հինգ մլն պոպուլացիա ունեցող երկրների համար որևէ առողջապահական ծրագիր գնահատելու նպատակով վերցվում է առնվազն երեք տարվա տեղեկատվություն:
Հ․Գ․ Հորդորում եմ ազնիվ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, կեղծ պոպուլիզմը վատ վախճան է ունենալու, հատկապես երբ խոսքը վերաբերում է առողջապահության համակարգին: